Լիտվացի գործընկերները պատրաստակամություն են հայտնել աջակցել ՀՀ ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումներին


Լիտվացի գործընկերները պատրաստակամություն են հայտնել աջակցել ՀՀ ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումներին

  • 30-04-2024 10:52:13   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ՀՀ ներքին գործերի նախարարության պատվիրակությունն ապրիլի 22-26-ը աշխատանքային այցով Լիտվայի Հանրապետությունում է եղել։
 
Այցն իրականացվել է ԵՄ կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում, ՆԳ նախարարության կազմավորման ու ենթակա կառույցներում ընթացող համընդգրկուն բարեփոխումներով պայմանավորված։
 
Պատվիրակության կազմում են եղել ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Արմեն Մկրտչյանը, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանը, ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը, միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Արմեն Սեդրակյանը, իրավաբանական վարչության պետի տեղակալ Արմեն Մարտոյանը և ՌՊՔՄՄ վարչության միգրացիայի և քաղաքացիության ոլորտում քաղաքականության մշակման և մոնիթորինգի բաժնի պետ Մարիա Ալահվերդյանը։
 
Այցի ընթացքում ՀՀ ՆԳՆ պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել Լիտվայի ՆԳ փոխնախարար Ագնետա Լադեկի, Լիտվայի ոստիկանության գլխավոր կոմիսար-գեներալ Ռենատաս Պոժելայի և Լիտվայի ՆԳ նախարարության մի շարք կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ:
 
Հանդիպումները տեղի են ունեցել պետական ծրագրերի կառավարման կենտրոնական գործակալությունում, ոստիկանական ստորաբաժանումներում, Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում և Վիլնյուսի համալսարանում։
 
Հանդիպումների ընթացքում մասնավորապես անդրադարձ է կատարվել իրավապահ մարմինների վարչարարությանն ու բարեփոխումների գործընթացի իրականացման, վերլուծության և ռազմավարական պլանավորման, ինչպես նաև կոռուպցիայի կանխարգելման հարցերին։
 
Լիտվացի գործընկերները հանդիպումների ընթացքում վերահաստատել են պատրաստակամությունը՝ աջակցելու ՀՀ ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումներին։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play