Հանրային քրեական հետապնդում երկու անձի նկատմամբ՝ «Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար


Հանրային քրեական հետապնդում երկու անձի նկատմամբ՝ «Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

  • 06-05-2024 12:29:43   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
 
ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը հաղորդում է ներկայացրել՝ Լոռու մարզի տարածքում, «Տելեգրամ»  հավելվածի միջոցով,  թմրանյութ իրացնելու վերաբերյալ։
 
Նույն օրը՝ ժամը 21։00-ի սահմաններում, Ոստիկանության նշված բաժանմունքի աշխատակիցները, վերոհիշյալ օպերատիվ տվյալներն իրացնելիս, Սպիտակ քաղաքի Վանաձորյան խճուղում նկատել են կայանված «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենա և դրա մոտ կանգնած երկու երիտասարդի, որոնցից մեկի ձեռքին եղել է սպիտակ գույնի պոլիէթիլենային տոպրակ։ Երիտասարդներից մեկը հայտարարել է, որ դրանում առկա զանգվածները հանդիսանում են «Մարիխուանա»  տեսակի թմրամիջոց։ 
 
Ձեռնարկված օպերատիվ միջոցառումներով պարզվել է նշված անձանց ինքնությունը, ովքեր Աբովյան քաղաքի բնակիչներ են՝ 22 և 28 տարեկան:
 
Իրականացված բացատրական աշխատանքների արդյունքում վերջինս ավտոմեքենայի բեռնախցիկից իրավապահներին է ներկայացրել պոլիէթիլենային մեկ այլ տոպրակ՝ սև, դեղին, կարմիր և կանաչ գույների մանր փաթեթներով։ Նա հայտնել է, որ նշված փաթեթներում առկա է «Մարիխուանա»  տեսակի թմրամիջոց, որոնք ինքը «Տելեգրամ» հավելվածի միջոցով ձեռք է բերել՝ հետագայում իր կողմից նույն հավելվածի միջոցով իրացնելու նպատակով՝ միաժամանակ նշելով, որ ժամեր առաջ Վանաձոր քաղաքի տարբեր հատվածներում, իրացնելու նպատակով, տեղադրել է նմանատիպ 7 փաթեթ, որոնք նկարել և ուղարկել է «Տելեգրամ»  ալիքի համապատասխան էջին՝ դրանք հետագայում վաճառելու նպատակով։
 
Նկատի ունենալով, որ երիտասարդների արարքում առերևույթ առկա է հանցավոր իրավախախտման դրսևորում, վերջիններս ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության բաժին, որտեղ նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգվածով 89 հատ պոլիէթիլենային փաթեթ։
 
Դեպքի առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում ձեռնարկված քննչական և ապացուցողական գործողություններով պարզվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության մի շարք հանգամանքներ:
 
Քննությամբ, մասնավորապես, պարզվել է, որ երիտասարդները «Տելեգրամ» սոցիալական կայքի՝ ինքնությունը պարզվող օգտատիրոջ հետ թմրամիջոց իրացնելու շուրջ նախնական համաձայնությամբ, խմբով, շահադիտական դրդումներով, Լոռու մարզում տեղադրելու և յուրաքանչյուր տեղադրված փաթեթից գումար ստանալու պայմանով, Փամբակ համայնքի բնակավայրերից մեկից ապօրինի կերպով ձեռք են բերել և իրենց մոտ ապօրինի պահել ընդհանուր 100 փաթեթ «Մարիխուանա» և «Հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցներ, որոնց տեղադրելուց հետո դրանք լուսանկարել են և տեղակայման հասցեների հետ միասին ուղարկել «Տելեգրամ» սոցիալական կայքի նշված օգտատիրոջը:Նախաքննության ընթացքում պարզվել են թմրամիջոցների թաքստոցներից 8-ի գտնվելու վայրը, որոնցից 5-ը հայտ¬նա¬բեր¬վել և վերց¬վել են քննչական գործողությունների ընթացքում, իսկ 89 փաթեթը հայտնաբերվել և վերցվել է Ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնի ծառայողների կողմից 28-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ:
 
Հիշյալ փաթեթների պարունակությունն ու բաղադրությունը պարզելու նպատակով նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:
 
Աբովյան քաղաքի նշված բնակիչներին, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, ներկայացվել է մեղադրանք, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ 
 
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր շղթայում ներգրավված այլ անդամների առկայությունը, թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:
 
ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:
 
Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
ՀՀ քննչական կոմիտե
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play