Մակրոնը և Սի Ծինփինն անկախ պաղեստինյան պետության ստեղծման կոչ են արել


Մակրոնը և Սի Ծինփինն անկախ պաղեստինյան պետության ստեղծման կոչ են արել

  • 07-05-2024 11:03:29   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես են եկել 1967 թվականի սահմաններով անկախ պաղեստինյան պետության ստեղծման օգտին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է երկու երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունում, որը հրապարակվել է Սի Ծինփինի՝ Ֆրանսիա կատարած պետական այցի արդյունքներով։
 
«Երկու պետությունների ղեկավարները կոչ են արել․․․․ ստեղծելու կենսունակ, անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետություն 1967 թվականի սահմաններում», - նշված է հայտարարությունում։
 
Բացի այդ, Փարիզը և Պեկինը կարևոր խնդիր են համարում հրադադարը Մերձավոր Արևելքում և Գազայի խաղաղ բնակչության պաշտպանությունը։
 
«Պետությունների ղեկավարներն ընդգծել են անհապաղ և տևական հրադադարի կարևորությունը, որն անհրաժեշտ է Գազայի հատված լայնածավալ մարդասիրական օգնության առաքման և քաղաքացիական անձանց պաշտպանության համար։ Նրանք կոչ են արել անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել բոլոր պատանդներին», - ասված է հայտարարության մեջ:
 
Բացի այդ, Էմանուել Մակրոնը և Սի Ծինփինը դեմ են արտահայտվել Իսրայելի հարձակմանը Ռաֆահի դեմ, «որը կհանգեցնի հումանիտար աղետի և պաղեստինցի խաղաղ բնակիչների զանգվածային տեղահանման»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը