Կիրանցի և Ոսկեպարի բնակիչները սահմանազատման գործընթացի արդյունքներից դժգոհ չեն. Բաբկեն Թունյան


Կիրանցի և Ոսկեպարի բնակիչները սահմանազատման գործընթացի արդյունքներից դժգոհ չեն. Բաբկեն Թունյան

  • 09-05-2024 13:26:24   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հայտարարել է, որ Տավուշի մարզի Կիրանց և Ոսկեպար բնակավայրերի բնակիչները Հայաստանի ու Ադրբեջանի միջև Տավուշի հատվածում ընթացող սահմանազատման գործընթացի փաստացի արդյունքներից դժգոհ չեն:  
 
«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ Բաբկեն Թունյանն այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում:
 
Անդրադառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը՝ Թունյանն ասաց. «Այսօր հավաք է հրավիրված, ավելի պարզ կլինի՝ եթե առաջ է քաշվում իշխանափոխության պահանջ, ինչը բարձրաստիճան հոգևորականների շուրթերով հնչել է մի քանի անգամ, դա ոչ այլ ինչ է, քան ուղիղ քաղաքականություն»:
 
Անդրադառնալով շարժման կողմից սահմանազատման գործընթացը կասեցնելու պահանջին՝  պատգամավորն ասաց, որ դրա համար կան համապատասխան կառույցներ, այդ ուղղությամբ որոշումներ ընդունելու համար պետք է ունենալ նախ դրա իրավասությունը, երկրորդ՝ բավարար տեղեկատվություն տեղի ունեցող իրավիճակի, սահմանափակումների և հնարավորությունների մասին:
 
«Կարող են իրենց տեսակետն արտահայտել: Բայց արտաքին քաղաքականությունը որոշվում է դիվանագիտական և մնացած կառույցների կողմից, որոնք այդ ինֆորմացիային տիրապետում են: Շարժումը սկսվեց Կիրանցից: Հիմնական խնդիրը կապված էր Կիրանցին և Ոսկեպարին հարող տարածքների հետ: Այսօր տեսնում ենք, որ թե՛ Կիրանցի, թե՛ Ոսկեպարի բնակիչները սահմանազատման գործընթացի փաստացի արդյունքներից այս պահին դժգոհ չեն, ավելին՝ ասում են, որ այս պահին իրենց ակնկալիքներից ավելին են ստացել իրականում: Մենք հիմա հիշո՞ւմ ենք, թե ինչից է սկսվել այդ պայքարը և որքանո՞վ է շարժման ի սկզբանե հայտարարված նպատակը դեռևս արդիական»,-ասաց պատգամավորը:
 
Նա ընդգծեց, որ սահմանազատման գործընթացն արվում է առաջին հերթին ՀՀ անվտանգությունն ամրապնդելու համար:
 
Ըստ նրա՝ եթե մարդիկ այդ տարբերակներին դեմ են, պետք է այլընտրանքային հստակ տարբերակներ առաջարկեն:  
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play