Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի դեսպանին


Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի դեսպանին

  • 13-05-2024 15:43:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 13-ին ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանին:
 
Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ Ալեն Սիմոնյանը Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանին մաղթել է հաջողություն ստանձնած բարձր առաքելության իրականացման գործում ու համոզմունք հայտնել, որ այն կնպաստի Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ հարաբերությունների սերտացմանն ու ամրապնդմանը:
 
«Ուրախ եմ արձանագրել, որ Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ առկա է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ: Մեր երկրների միջեւ ձեւավորված է փոխադարձ հարգանքի ու վստահության մթնոլորտ, եւ Հայաստանը հետաքրքրված է Արգենտինայի հետ հարաբերությունների խորացմամբ բոլոր ուղղություններով»,- նշել է խորհրդարանի ղեկավարը:
 
Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեմանը փաստել է երկու երկրների միջեւ վաղեմի բարեկամական հարաբերությունների մասին` կարեւորելով Արգենտինայի հայ համայնքի դերն Արգենտինայի Հանրապետության մշակութային եւ հասարակական կյանքում:
 
Անդրադառնալով Հայաստան-Արգենտինա միջխորհրդարանական հարաբերություններին` զրուցակիցները կարեւորել են բարեկամական խմբերի եւ երկկողմ փոխայցերի դերը երկու երկրների փոխգործակցության զարգացման հարցում:
 
Հանդիպմանը քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը:
 
Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանն անում է ամեն բան տարածաշրջանում խաղաղության հաստատման համար եւ ապավինում է միջազգային բոլոր գործընկերների աջակցությանն այս հարցում:
 
«Արգենտինան տեսնում է Հայաստանի Հանրապետության ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում: Մենք վստահաբար աջակցում ենք այս գործընթացին եւ հուսով ենք, որ այն շուտով կիրագործվի»,- նշել է դեսպանը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play