Կայացաւ Նարեկ Հարթունեանի գործով հերթական դատական նիստը


Կայացաւ Նարեկ Հարթունեանի գործով հերթական դատական նիստը

  • 19-06-2012 18:03:12   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ

Յունիսի 18-ին Շէնգաւիթ վարչական շրջանի ընդհանուր իրաւասութեան դատարանում կայացաւ Նարեկ Հարթունեանի եւ նրա երկու աշխատակիցների գործով դատական հերթական նիստը: Այս անգամ վկայութիւն տուեցին երկու վկաներ` Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս ՍՊԸ անվտանգութեան նախկին աշխատակից Արամայիս Սահակեանն ու ընկերութեան նախկին առաքիչ Դաւիթ Գէորգեանը: Թէեւ դատարանը վկայութիւն տալու համար նախապէս կանչել էր եօթ վկայի, սակայն ներկայ էին միայն երկուսը: Նախքան վկաների ցուցմունքները լսելը դատաւորն ընթերցեց նախորդ նիստերից մէկի ժամանակ ցուցմունք տուած, ընկերութեան նախկին գլխաւոր հաշուապահ Արսէն Արտաշէսեանի դիմումը: Դիմումում վերջինս խնդրում է նորից իրեն հարցաքննել, քանի որ դատարանում Նարեկն իրեն <<սպառնացել է>>, իսկ մամուլում տարածուել են ստայօդ տեղեկութիւններ իր մասին, ինչի պատճառով տագնապի մէջ է ընկել, լարուել: Այստեղ, սակայն, յարկ ենք համարում յիշեցնել, որ Նարեկ Հարթունեանը չի սպառնացել նրան, այլ պարզապէս յայտնել է, որ Ամն-ում հաշուապահի նման գործողութիւնների համար նրան ուղղակի կը զրկէին արտօնագրից: Աւելին, սայ ասուել է յայտարարութեան տեսքով, այն էլ վկայի ցուցմունքից յետոյ միայն, հետեւաբար սա չէր կարող ազդել վկայի ցուցմունքների վրայ: <<Վկան ասում է իր դիմումում, թէ դատական նիստի ժամանակ սկսուել է լարուած վիճակ: Այս լարուածութիւն ասուածը միանգամայն անհասկանալի է ինձ: Իրականութիւնն այն է, որ վկան եկաւ, ցուցմունք տուեց, որի ընթացքում չկարողացաւ թաքցնել այն, ինչ պէտք է թաքցնէր. նա ինքն էլ ասաց, որ ինքն է խորհուրդ տուել, որ որոշակի շրջանառութիւն <<խփուի>> հդմ-ով>>,-մեկնաբանեց վկայի այս քայլը փաստաբան Հայկ Ալումեանը: Նա յիշեցրեց, որ այս չգիտակցուած խոստովանութեանն ի պատասխան` դատախազն ասաց. <<Փաստօրէն դու ես ամէն ինչ կազմակերպել….>>: << Հէնց այս պահից էլ նա կարող էր ընկնել տագնապի մէջ: Իրականութիւնը հէնց դա է: այդ պահին նա հասկացաւ, որ կարող է ունենալ լուրջ խնդիրներ այս ցուցմունքով: Իսկ եթէ, ինչպէս ինքն է ասում, Նարեկի յայտարարութիւնից կարող էր ընկնել տագնապի մէջ, ուրեմն այդ վկայի համար օրէնքն ունի յատուկ դրոյթ` ստուգել`արդեօք վկան ճիշտ է ընկալում, վերարտադրում տեսածն ու լսածը, թէ ոչ>>,-ասաց Հ. Ալումեանը: Ինչ վերաբերում է մամուլում տարածուած տեղեկութիւններին, որոնք նա <<ստայօդ>> է համարում, ապա երիցս յիշեցնենք, որ դրանք բխել են բացառապէս Ա. Արտաշէսեանի` դատարանում տուած ցուցմունքից եւ բառ առ բառ արտայայտել են դրայ բովանդակութիւնը, հետեւաբար վկայի կողմից բերուած այս բացատրութիւնը իր տագնապների, լարուածութեան ու այդտեղից ոչ ճիշտ ցուցմունք տալու վերաբերեալ կարող են միայն հաստատել փաստաբանի մտավախութիւնը վկայի` իրականութիւնն ըմբռնելու կապակցութեամբ: Յիշեցնենք, որ այս վկայի` նախաքննական մարմնին եւ դատարանին տուած ցուցմունքներում էական տարբերութիւններ էին առկայ, ինչի մասին եւ հրապարակուել է նախկինում: Ա. Արտաշէսեանի դիմումը բարձրաձայն կարդալուց յետոյ վկայութիւն տուեցին վերը նշուած վկաները: Ընկերութեան նախկին առաքիչ Դաւիթ գեւորգեանը: Նա աշխատել է <<Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս>> ՍՊ ընկերութիւնում 2011թ.մարտի 14-ից մինչեւ 2012թ. ապրիլ ամիսը: Վկայի խօսքերով աշխատանքի ընթացքում դէպքեր եղել են, երբ ապրանքը տարել է խանութներ, սակայն չի տուել հաշիւ-ապրանքագրեր, քանի որ տեխնիկական խնդիրներ են եղել: Սակայն նա նաեւ ասաց, որ այդ հաշիւ-ապրանքագրերը յաջորդ օրն են տարել: <<Տեսէք, քննիչներին տուած ցուցմունքում ամենագլխաւոր փաստը մնում է չարձանագրուած: Վկայի խօսքերով եղել են դէպքեր, երբ հաշիւ-ապրանքագրեր չեն տուել, բայց չի արձանագրուել, թէ ինչու դրանք չեն եղել, եւ չի արձանագրել նաեւ, որ դրանք յետոյ են տրուել, քանի որ տեխնիկական խնդիրներ են ունեցել: Սա քննիչների աշխատելաոճն է. նրանք պահանջում են, որ վկան կոնկրէտ իրենց հարցին պատասխանի` բաց թողնելով այնպիսի հարցեր, որոնք կարող են էական նշանակութիւն ունենալ գործի համար: Այսինքն ստանում են իրենց անհրաժեշտ ցուցմունքը: Գրեթէ ոլոր վկաների հետ նոյն պատմութիւնն է>>,-ասաց փաստաբան Հայկ Ալումեանը: Վկայութիւն տուեց նաեւ ընկերութեան անվտանգութեան նախկին աշխատակից արամայիս Սահակեանը: Քանի որ վկայութիւն տալու համար դատարան կանչուածներից միայն երկուսն էին ներկայացրել, դատարանը որոշում կայացրեց յաջորդ դատական նիստին միւս վկաներին բերման ենթարկել: Դատաւորը դատական նիստը յետաձգեց` նշանակուելով յունիսի 27-ին: Մարիամ Մուղդուսեան
  -   Մարդու իրաւունքներ