Սերգեյ Խուդյակովին (Արմենակ Խանփերյանց) շնորհվել է ավիացիայի մարշալի կոչում


19-08-1944   | Ռուսաստան  |  Իրադարձություններ

1944 թ օգոստոսի 19-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը  Սերգեյ Խուդյակովին (Արմենակ Խանփերյանց) շնորհել է ավիացիայի մարշալի կոչում:

 Սերգեյ Ալեքսանդրի Խուդյակով, իսկական անունը՝ Արմենակ Արտեմի Խանփերյանց (հունվարի 7 1902 Մեծ Թաղլար, Հադրութ, Արցախ — ապրիլի 18 1950 Մոսկվա, Ռուսաստան) Սովետական Միության ավիացիայի մարշալ, կարմիր բանակի ռազմաօդային ուժերի հրամանատարի տեղակալ և շտաբի պետ (1944):

Սերգեյ Խուդյակովը (իսկական անուն-ազգանունը՝ Արմենակ Խանփերյանց) 1916 թ-ին տեղափոխվել է Բաքու, աշխատել նավթահանքերում: 1917 թ-ի նոյեմբերին կամավոր անդամագրվել է Կարմիր գվարդիային, 1918 թ-ին մասնակցել է Բաքվի կոմունայի պաշտպանությանը, 1918–20 թթ-ին՝ Ռուսաստանի քաղաքացիական պատերազմին: Մարտերից մեկում մահացու վիրավորված ռուս ընկերոջ և հրամանատարի՝ Սերգեյ Խուդյակովի խնդրանքով Խանփերյանցը համաձայնել է նրա փոխարեն և նրա անունով ղեկավարել մարտը: Ռազմավարական հմուտ գործողությունների շնորհիվ Խանփերյանց-Խուդյակովը ջոկատը դուրս է բերել շրջափակումից: Խանփերյանցը 1922 թ-ին ավարտել է Թիֆլիսի հրամկազմի վերապատրաստման ու կատարելագործման հեծելազորային դասընթացները, 1931–36 թթ-ին՝ Մոսկվայի Նիկոլայ Ժուկովսկու անվան ռազմաօդային ակադեմիան: 1936–41 թթ-ին ծառայել է Բելոռուսական հատուկ ռազմական օկրուգի ռազմաօդային ուժերի (ՌՕՈւ) շտաբում, եղել է նաև շտաբի պետ, 1938-40-ին՝ Բելոռուսիայի հատուկ ռազմական օկրուգի ՌՕՈւ-ի թիկունքի պետ: 1940 թ-ին մասնակցել է Արևմտյան Բելոռուսիայի և Արևմտյան Ուկրաինայի վերամիավորման համար մղված մարտերին: Հայրենական մեծ պատերազմի (1941–45 թթ.) ժամանակ եղել է Արևմտյան ռազմաճակատի ՌՕՈւ-ի շտաբի պետ, 1942 թ-ի փետրվարից՝ ՌՕՈւ-ի հրամանատար, ապրիլից` խորհրդային բանակի ՌՕՈւ-ի շտաբի պետ, հունիսի 1-ից՝ Արևմտյան ռազմաճակատի Առաջին օդային բանակի հրամանատար, 1943 թ-ի մայիսից՝ խորհրդային բանակի ՌՕՈւ-ի շտաբի պետ և հրամանատարի տեղակալ: Խուդյակով-Խանփերյանցի հրամանատարությամբ ռազմաօդային միավորումները մասնակցել են Արևմտյան ռազմաճակատի զորքերի հարձակողական մարտերին: 1943 թ-ին համակարգել է Վորոնեժի և Տափաստանային ռազմաճակատների օդուժի գործողությունները Կուրսկի և Դնեպրի ճակատամարտերում: 1945 թ-ի փետրվարի 4–11-ին, որպես ԽՍՀՄ Գերագույն գլխավոր հրամանատարի` օդուժի գծով խորհրդական, մասնակցել է ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ղեկավարների` Յալթայի (Ղրիմի) խորհրդաժողովին: 1945 թ-ի հունիսից 12-րդ ՌՕՈւ հրամանատարն էր, մասնակցել է ճապոնական զորքերի ջախջախմանը Հեռավոր Արևելքում: Երկրորդ աշխարհամարտի ավարտից (1945 թ-ի սեպտեմբերի 2) հետո ղեկավարել է Անդրբայկալյան-Ամուրյան զինվորական օկրուգի 12-րդ ՌՕՈւ-ն: 1945 թ-ի դեկտեմբերին անհիմն մեղադրանքով ձերբակալվել է և չորսուկես տարի ստալինյան զնդաններում անցկացնելուց հետո՝ 1950 թ-ի ապրիլին, գնդակահարվել: Արդարացվել է 1956 թ-ի նոյեմբերին: 1965 թ-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի և նախագահության որոշմամբ վերականգնվել է մարշալի կոչումը: 1980 թ-ին ծննդավայրում բացվել է մարշալի տուն-թանգարանը: ՀՀ պաշտպանության նախարարության ՌՕՈւ-ի ինստիտուտը 2005 թ-ին անվանվել է Արմենակ Խանփերյանցի անվամբ, ՀՀ Կառավարության որոշմամբ Երևանում կանգնեցվելու է նրա հուշարձանը: Նրա անունով են կոչվել նաև փողոցներ ՀՀ և ԼՂՀ քաղաքներում:


Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից