1867 թ. դեկտեմբերի 17-ին ծնվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Ա Հովսեփյանցը


17-12-1867   | Հայաստան  |  Ծննդյան տարեդարձեր

1867 թ. դեկտեմբերի 17-ին Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղում ծնվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Ա Հովսեփյանցը: Նշանավոր հայագետ, արվեստաբան, Գերմանիայի Լայպցիգ քաղաքի համալսարանի փիլիսոփայության դոկտոր Գարեգին Ա Հովսեփյանցը ծնվել է պատմական Արցախի Ջեւանշիր գավառի Չարդախլու գյուղում: Սովորել է ծննդավայրի դպրոցում, ապա Շուշիի հայոց թեմական հոգեւոր դպրոցում: 1882 թ. ընդունվել է Գեւորգյան հոգեւոր ճեմարան: 1890 թ. ավարտել է ճեմարանը եւ երկու տարի անց մի քանի այլ սարկավագների հետ (որոնց թվում էր նաեւ Գեւորգ սարկավագը, հետագայում Գեւորգ Զ կաթողիկոս) մեկնել է Գերմանիա եւ Լայպցիգի, Բեռլինի եւ Հալլեի համալսարաններում խորացրել իր աստվածաբանական եւ փիլիսոփայական գիտելիքները: 1897 թ. Լայպցիգի համալսարանում ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան` ներկայացնելով «Միակամության ծագումը» թեզը:

1902 թ. հրատարակել է «Սասնա ծռեր. Սասունցի Դավիթ ժողովրդական վեպի երկու վարիանտներ» ու «Փշրանքներ ժողովրդական բանահյուսությունից» գրքերը, ավելի ուշ «Ռոստամ Զալ: Ժողովրդական վեպ» հետազոտությունը:
1902 թ. ընտրվել է Մոսկվայի կայսերական հնագիտական ընկերության կովկասյան բաժանմունքի իսկական անդամ, իսկ 1912 թ. Պետերբուրգի կայսերական հնագիտական ընկերության անդամ:

1905-1906 թթ. նշանակվել է ճեմարանի տեսուչ, իսկ 1907-1908 թթ. դառձել է «Արարատ» ամսագրի խմբագիր, Հռիփսիմե վանքի վանահայր:

Նա հայ արվեստին նվիրված մի շարք դասախոսություններով հանդես է եկել Կ.Պոլսում, Թիֆլիսում, Մոսկվայում եւայլուր:
1918 թ. գարնանը Կարսում հայտնված Գարեգին Հովսեփյանը կյանքի գնով կարողանում է կանխել քաղաքի հայ բնակչության կոտորումը թուրքական զորքի կողմից:


 



Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից