Ծնվել է հրապարակախոս Մարիետա Շահինյանը


02-04-1888   | Ռուսաստան  |  Ծննդյան տարեդարձեր

1888 թվականի ապրիլի 2-ին Մոսկվայում ծնվել է խորհրդային անվանի գրող, հրապարակախոս Մարիետա Շահինյանը: (Վախճ. 1982 թ.):

 

Ծնվել է Մոսկվայում, մոլդովահայ Սերգեյ Շահինյանի (բժշկագիտության դոկտոր) ընտանիքում: Մայրը` Փեփրոնե Խլիտչիևան, եղել է նորնախիջևանցի: Կրթությունն ստացել է Մոսկվայում` Գերյեի կանանց բարձրագույն դասընթացում, ավարտել պատմա-փիլիսոփայական բաժինը (1913): 19 տարեկան հասակից գրել է բանաստեղծություններ, որոնք տպագրվել են ռուսական մամուլում:1909-ին լույս է ընծայել չափածո երկերի առաջին ժողովածուն` «Առաջին հանդիպումներ» խորագրով, իսկ 1913-ին` «Orientalia» ժողովածուն: 1914-ին մեկնել է Գերմանիա` Հայդելբերգում մագիստրոսական աստիճան ստանալու, սակայն վրա հասնելով առաջին համաշխարհային պատերազմը, վերադարձել է Ռուսաստան: 1916-ին լույս է ընծայել «Իր ճակատագիրը» վեպը, որն ամբողջացված վերահրատարակվել է 1923-ին: 1922-ին գործուղվել է Հայաստան, գրել է «Սովետական Հայաստան» (1923) գիրքը: 1922-ին տպագրել է «Փոփոխություն» վեպը, ապա` «Բարձր դասի տիկնոջ արկածները»: 1923-25-ին մաս-մաս հրատարակել է «Մես-Մենդ» արկածային եռահատոր վեպը` Ջիմ Դոլլար ծածկանունով: Այդ վեպը 1926-ին վերածվել է ֆիլմի, նրա վերջին մասն ավարտել 1935-ին: «Մես-Մենդն» ունեցել է մեծ հաջողություն, թարգմանվել մի քանի լեզուներով, այդ թվում հայերեն (Երևան, 1971): 1927-ից մի քանի տարի ապրել է Հայաստանում, ուսումնասիրել Ձորագէսի շինարարությունը, 1931-ին հրատարակել է «Հիտրոցենտրալ» վեպը, որի հայերեն թարգմանությունը լույս է տեսել հաջորդ տարի: Դեռևս 1930-ականների կեսերից ձեռնարկել է եռամաս մի վեպ-ժամանակագրության ստեղծմանը, նվիրված Լենինին: Առաջին հատորը` «Ուլյանովների ընտանիքը», տպագրվել է 1937-ին, նոր խմբագրությամբ կրկին հրատարակվել 1957-ին (հայերենը` 1961-ին), երկրորդ հատորը`«Առաջին համառուսականը», լույս է տեսել 1965-ին (հայերեն` 1970-ին), ապա տպագրել է «Պատմության հարցատոմսը» վեպի էսքիզը (1970) և «Չորս դաս Լենինից» (1970), (հայերենը` 1976): Նրա բազմահատոր այս ստեղծագործությունը 1972-ին արժանացել է Լենինյան մրցանակի: Մյուս երկերից հիշատակության արժանի են` «Մեռյալներից հարություն առածը» (1964), նվիրված չեխ կոմպոզիտոր Իոսիֆ Միսլևիչիկի կյանքին: Այդ գրքի համար Չեխոսլովակիայի կառավարության կողմից պարգևատրվել է ոսկե մեդալով: Նրա «Ճանապարհորդություն Խորհրդային Հայաստան» գիրքը (1950) արժանացել է պետական մրցանակի, թարգմանվել մի քանի լեզուներով (հայերեն` 1952): Այդ բնույթի գրքերից են` «Հնգամյակի ուղիներով», «Արտասահմանյան նամականի» (1964) և այլն:

Աշխատակցել է «Պրիազովսկիյ կռայ» (1907–1918) և «Կավկազսկոե սլովո» (1915–1917) թերթերին: «Իզվեստիա» (1920–1922) և «Պրավդա» (1923–1948) թերթերի սեփական թղթակից: Դասավանդել է Դոնի Ռոստովի կոնսերվատորիայում (1916–1919) և Լենինգրադի արվեստի պատմության ին-տում (1923–1924):

Գրականագիտական աշխատություններից են` «Տարաս Շևչենկո» (հանդիսանում է նրա դոկտորական ատենախոսությունը), «ՆիզամիԳյանջևի», «Գյոթե» և այլն: Վերջինս նույնպես թարգմանվել է շատ լեզուներով և բարձր գնահատվել Գերմանիայում: Մենագրական աշխատություներ է տպագրել Միքայել ՆալբանդյանիԽաչատուր ԱբովյանիՇիրվանզադեի և այլ հայ գրողների մասին: Տարբեր լեզուներից ռուսերեն է թարգմանել գեղարվեստական ստեղծագործություններ: Հայերենից` նմուշներ Հովհաննես Թումանյանի,Հովհաննես ՀովհաննիսյանիԱլեքսանդր ԾատուրյանիՍմբատ Շահազիզի երկերից, ադրբեջաներենից` Նիզամի Գյանջևիի որոշ ստեղծագործություններ, անգլերենից` Ու. Քոլինզից և այլն:

1980-ին լույս է տեսել նրա «Մարդը և ժամանակը» հուշագրությունը:

Պարգևատրվել է Լենինի 2, Հոկտեմբերյան հեղափոխության դրոշի 3, Ժողովուրդների բարեկամության և այլ շքանշաններով: Մ.Շահինյանի անվամբ է կոչվում Տիեզերքի թիվ 2144 մոլորակը



Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից