1921 թ. հունվարի 22-ին ծնվել է կոմպոզիտոր, դաշնակահար Առնո Բաբաջանյանը


22-01-1921   |   |  

Առնո Բաբաջանյանը ծնվել է Երեւանում 1921 թվականի հունվարի 22-ին:
Նրա տաղանդը Արամ Խաչատրյանը դեռ հինգ տարեկանում նկատելով` որոշում է, որ տղան պետք է երաժշտությամբ զբաղվի: Դրանից հետո, 1929-ին ընդունվել է Երեւանի պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցը, որն ավարտելուց հետո սովորում է կոնսերվատորիայում: Այնուհետեւ, 1948-ին ուսումը շարունակել է Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում` միաժամանակ կատարելագործվելով Մոսկվայում գործող Հայաստանի կուլտուրայի տանը կից ստուդիայում:

1950-1956 թթ. դասավանդել է Երեւանի կոնսերվատորիայում: 1956-ից հաստատվել է Մոսկվայում, ուր եւ վախճանվել է 1983-ի նոյեմբերի 11-ին:

Առնո Բաբաջանյանի ստեղծագործական հարուստ ժառանգությունը ներառում է երգեր, գործիքային կատարումներ, սիմֆոնիկ երաժշտություն: Նա ստեղծագործել է տարբեր ոճերով` դասական, պոպ, ջազ:

Բաբաջանյանի ստեղծագործական ոճը ձեւավորվել է Արամ Խաչատրյանի եւ Սերգեյ Ռախմանինովի ազդեցությամբ: Իսկ նրա ստեղծագործական անհատականությունը դրսեւորվել է դաշնամուրի եւ նվագախմբի համար գրված «Հերոսական բալլադում» (1950) եւ դաշնամուրային տրիոյում (1952): Լայն ժողովրդականություն վայելող «Հայկական ռապսոդիան» գրել է 1950-ին:
Խորհրդային լավագույն ֆիլմերից շատերում հնչում են նրա հեղինակած կատարումները` «Առաջին սիրո երգը», «Երջանկության մեխանիկան», «Հարսնացուն հյուսիսից» եւ այլն: Նա գրել է տարբեր ստեղծագործություններ` «Էլեգիա», «Նոկտյուրն» եւ այլն:



Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից