1872 թ. Կ.Պոլսում ծնվել է գրող, հասարակական գործիչ Արշակ Չոպանյանը


15-07-1872   | Թուրքիա  |  Ծննդյան տարեդարձեր

Արշակ Հովհաննեսի Չոպանյանը ծնվել է 1872 թվականի հուլիսի 15-ին Կ. Պոլսում: Սովորել է Կ. Պոլսի Մքրուհյան դպրոցում, ապա՝ Կեդրոնական վարժարանում: Աշխատակցել է «Արևելք», «Մասիս», «Հայրենիք» պարբերականներին: 1895-ին սկսել է «Ծաղիկ» հանդեսի հրատարակությունը, լույս է ընծայել մի քանի համար և ահաբեկված համիդյան բռնություններից՝ նույն տարում փախչելով՝ հաստատվել է Փարիզում, ուր և անցկացրել է իր հետագա ամբողջ կյանքը: Մահացել է 1954 թվականի հունիսի 8-ին Փարիզում։

 

1898-1911 և 1929-1949 թթ. հրատարակել է հայտնի «Անահիտ» հանդեսը: Հասարակական, լրագրական-հրատարակչական աշխատանքներին զուգընթաց զբաղվել է արվեստի, բանասիրության, գրականագիտության և գրաքննադատության հարցերով, հրապարակախոսությամբ, գրել է արձակ ու չափածո գեղարվեստական գործեր, կատարել է թարգմանություններ:
Առանձնակի նշանակություն ունի Չոպանյանի քննադատական և գիտական բանասիրական գործունեությունը: Նա նորովի է մեկնաբանել հայ գրականության շատ երևույթներ: Հրատարակել է «Նահապետ Քուչակի դիւանը» 1902-ին, «Նաղաշ Հովնաթան աշուղը և Հովնաթան Հովանթանեան նկարիչը» 1910-ին, «Հայ էջեր» 1912-ին, «Հայրեններու բուրաստանը» 1940-ին և այլ ուսուսմնասիրություններ: Կազմել և լույս է ընծայել Պ. Դուրյանի (1894) և Մ. Պեշիկթաշլյանի (1907) երկերը, որոնց նվիրել է նաև ուսումնասիրություններ: Առաջինն է Գրիգոր Նարեկացու ժառանգությունը վերլուծել որպես գեղարվեստական ստեղծագործություն և նրան դրել համաշխարհային գրականության հսկաների կողքին: Անդրադարձել է գրական նոր երևույթներին՝ հաճախ առաջինը տալով դրանց հեղինակների (Վ. Թեքեյան, Սիամանթո, Դ. Վարուժան, Ե. Չարենց, Մ. Զարիֆյան և ուրիշներ) ստեղծագործական ինքնատիպության բնութագիրը: Հոդվածներ է նվիրել նաև արևմտաեվրոպական և ռուս գրողներին:
 
Մեծ աշխատանք է կատարել հայ գրականությունը Եվրոպայում ներկայացնելու և Հայ դատը պաշտպանելու ուղղությամբ: Թարգմանել ու ֆրանսերեն հրատարակել է հին և նոր շրջանի հայ բանաստեղծների գործերից, որոնք ամփոփվել են «Վարդենիք Հայաստանի» (հ. 1-3, 1918-29) ժողովածույում:

 



Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից