Տեղի կունենա Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» լիամետրաժ գեղարվեստական կինոնկարի պրեմիերան


Տեղի կունենա Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» լիամետրաժ գեղարվեստական կինոնկարի պրեմիերան

  • 05-05-2014 18:15:59   | Հայաստան  |  Մշակույթ
Մայիսի 5-ին ժամը 19:00-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունենալու Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» լիամետրաժ գեղարվեստական կինոնկարի պրեմիերան: Ֆիլմը «Մոսկվա» կինոթատրոնում շարունակվելու է ցուցադրվել մայիսի 6-ից սկսած: Նյութը պատերազմական գոտում հայտնված հայկական գյուղի մեկ օրվա կյանքն է: Թեև առօրյա խաղաղ կյանքը փոխվել է, բայց մարդիկ դեռևս դժվարանում են ըմբռնել պատերազմական իրավիճակի ողբերգականությունը: Նրանք չեն էլ հասցնում դա անել, քանզի դեպքերը զարգանում են թավագլոր արագությամբ: Եվ մինչ  ֆիլմի հերոսները կտրուկ փոփոխվող իրադրության մեջ փորձում են վերարժեքավորել իրենց հարաբերություններն ու իրենց վարքագիծը, դեպքերի դրամատիկ զարգացումով նրանք հայտնվում են այնպիսի խնդիրների  առաջ, որոնք խաղաղ առօրյայում երբեք չէին առաջանա:
«Ֆիլմը երեք մասից է, երեք պատանիների՝ Արամի, Աստղիկի և Թևանիկի ճակատագրերի դրամատիկ պատմությունն է, որոնց միջոցով փորձել եմ պատմել պատերազմական իրավիճակում հայտնված հայկական փոքրիկ գյուղի մարդկանց, նրանց սիրո և անձնազոհության մասին: Ես այդ մարդկանց տեսել եմ, նրանց հետ ապրել եմ: Նրանք ինձ հարազատ են և հույս ունեմ, որ այդպիսին դառնալու են նաև հանդիսատեսի համար: Եթե մի բառով ասեմ, ֆիլմը ափսոսանքի մասին է. չհասկանալու, ուշանալու, չգնահատելու և կորցնելու ափսոսանքի մասին»,- ասում է ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը:
Ֆիլմն արտադրել է «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամը Հայաստանի ազգային կինոկենտրոնի և լիտվական «Արթբոքս» կինոընկերության հետ համատեղ: Ֆիլմը ստեղծվել է Առնոլդ Աղաբաբովի «Թևանիկ» կինոսցենարի հիման վրա, սցենարը շարունակել է Կարինե Խոդիկյանը, երաժշտությունը գրել է Յոնաս Յուրկունասը, բեմադրող օպերատորն է Նարեկ Մարտիրոսյանը, բեմադրող նկարիչը Անտոն Քեշիշյանը: Ֆիլմի պրոդյուսերներն են Մասիս Բաղդասարյանը, Գևորգ Գևորգյանը և Կեստուտիս Դրազդաուսկասը: Ֆիլմի տևողությունը 81 րոպե է: Նկարահանումները տեղի են ունեցել Արցախի Պատարա և Խաչեն գյուղերում: Նկարահանումների իրականացմանն աջակցել է ԼՂՀ կառավարությունը:
Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը պատրաստվում է ֆիլմը ներկայացնել Կաննի 67-րդ փառատոնի կինոշուկայում: «Անցյալ տարի Կաննում ներկայացրել եմ իմ «Ընդհատված մանկություն» ֆիլմը: Դա առիթ հանդիսացավ, որ լիտվական «Արթբոքս»  կինոընկերությունը հետաքրքրվի իմ աշխատանքներով և որպես համաարտադրող մասնակցի «Թևանիկ» ֆիլմի ստեղծմանը: Հույս ունեմ, որ «Թևանիկ»-ի ցուցադրությունը Կաննում համագործակցության հնարավորություններ կստեղծի իմ նոր՝ «Վերջին բնակիչը» ֆիլմի համար: «Վերջին բնակիչը» ֆիլմի նախագիծը ևս ներկայացնելու եմ Կաննում»:  
Նախքան ֆիլմի պրեմիերան, նույն օրը՝ մայիսի 5-ին ժամը 12.00-ին «Գոլդեն Թյուլիփ Երևան» հյուրանոցի «Վիվալդի» սրահում տեղի է ունենալու ֆիլմի ստեղծագործական կազմի մամլո ասուլիսը:
 
Նոյյան տապան   -   Մշակույթ