Տոն-մրցույթ՝ «Ապրող ծառ» խորագրով


Տոն-մրցույթ՝ «Ապրող ծառ» խորագրով

  • 20-12-2014 14:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն
 
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 14:00, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) իր գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Երևանի կենդանաբանական այգում կիրականացնի «Ապրող ծառ» բնապահպանական տոն-մրցույթը:
Ամեն տարի Ամանորին ընդառաջ Հայաստանի անտառները նոսրանում են՝ կորցնելով հազարավոր ծառեր: Ապօրինի ծառահատումների պատճառով Հայաստանում վերջին տասնամյակում ամբողջ անտառներ են անհետացել: Այս տարի կարելի է նպաստել Հայաստանի անտառների պահպանությանը՝ տարեմուտի տոների համար գնելով կամ վարձակալելով ապրո՛ղ տոնածառ, որը հետո հնարավոր է տնկել բակում կամ այգում:
Մրցույթի միջոցով հիմնադրամը խրախուսում է երեխաների ներառումը մի նախագծում, որը տեսանելի է դարձնում շրջակա միջավայրին հասցվող վնասն ու առաջարկում այլընտրանքային տարբերակներ:
«Ապրող ծառ» մրցույթին կարող են մասնակցել 5-15 տարեկան երեխաներ և պատանիներ: Մրցույթի պարտադիր պայմաններից մեկը բնապահպանական մոտեցումն է. զարդարանքները պետք է պատրաստել՝ վերօգտագործելով տարբեր իրեր ու նյութեր և նվազագույնի հասցնելով բնության համար հնարավոր վտանգ ներկայացնող բաղադրիչները:
Լավագույն էկո-տոնածառ, էկո-ձնեմարդ կամ Սուրբ ծննդյան մսուր պատրաստած մասնակիցների համար տարբեր մրցանակներ են նախատեսված: Կրթական խաղի տաղավարում Երևանի կենդանաբանական այգին ավանդաբար կխաղարկի հեծանիվ: 
Դեկտեմբերի 20-ին Երևանի կենդանաբանական այգու մուտքն անվճար կլինի բոլոր այցելուների համար:
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի մասին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի առաքելությունն է Հայաստանի բացառիկ բնական ժառանգության պահպանությունը: Աշխատելով վայրի բնության պահպանության, բնապահպանական կրթության և համայնքային զարգացման խաչմերուկում՝ հիմնադրամը կարևորում է գյուղական բնակչության ներգրավումը Հայաստանի կայուն առաջընթացում: Հիմնադրամի գործունեությունն ուղղված է մարդ-վայրի բնություն հակամարտության և դրա հետևանքների նվազեցմանը, ինչը նախապայման է Հայաստանի դրական զարգացման: 
Նոյյան տապան   -   Իրադարձություն