ՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ռեյմոն Հարություն Գևորգյանի «Геноцид армян. Полная история» գրքի շնորհանդեսը


ՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Ռեյմոն Հարություն Գևորգյանի «Геноцид армян. Полная история» գրքի շնորհանդեսը

  • 01-04-2015 13:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն
Ապրիլի 1-ին` ժամը 13:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, պատմաբան Ռեյմոն Հարություն Գևորգյանի /Ֆրանսիա/ «Геноцид армян. Полная история» գրքի շնորհանդեսը: Աշխատությունն առաջին անգամ հրապարակվել է  ֆրանսերեն 2006թ-ին  «Odile Jacob» հրատարակչության կողմից «Le Génocide Des Arméniens» անվամբ  եւ 2011թ-ին` անգլերեն «I. B. Tauris & Co Ltd» հրատարակչության կողմից «The Armenian Genocide. A Complete History» անվամբ:
 
Գիրքը ներկայացնում է մանրամասն եւ համոզիչ հաշվետվություն  մոդեռնացման եւ ազգայնացման փուլում գտնվող պետության կողմից հայերի զանգվածային սպանության գաղափարախոսական նախադրյալների, պլանավորման եւ իրագործման մասին: Հեղինակը գրքում օգտագործել է տարբեր երկրների արխիվներում պահպանված քիչ հետազոտված փաստաթղթերը: 
 
Գիրքը բաղկացած է 6 մասից: Առաջին մասը նվիրված է երիտթուրքերի եւ հայերի` ընդդիմության մեջ լինելու թեմային («Младотурки и армяне вместе в оппозиции (1895-1908)»):  Երկրորդ մասը նվիրված է երիտթուրքերի եւ հայերի`  իշխանության փորձաշրջան անցնելու թեմային («Младотурки и армяне проходят испытание властью (1908-1912)»: Երրորդ մասը նվիրված է երիտթուրքերի եւ հայերի` դեմ առ դեմ կանգնելու թեմային («Младотурки и армяне - лицом к лицу (декабрь 1912-март 1915)»: Չորրորդ մասը նվիրված է  ցեղասպանության առաջին շրջանին («В пучине войны: первый период геноцида»): Հինգերորդ մասը նվիրված է ցեղասպանության երկրորդ շրջանին («Вторая стадия геноцида (1915-декабрь 1916)»: Վեցերորդ մասը նվիրված է Օսմանյան կայսրության վերջին օրերին («Последние дни Османской империи: палачи и их судьи лицом к лицу»):
 
Ռեյմոն Հարություն Գևորգյանը մեծ ներդրում ունի 1915-1916թթ. հայերի ցեղասպանության ուսումնասիրության գործում: Նա եղել է Փարիզ-8 Սեն Դենի համալսարանի Աշխարհաքաղաքականության ֆրանսիական ինստիտուտի տնօրեն եւ ղեկավարել Նուբարյան գրադարանը:
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն