Երեկո՝ նվիրված Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի 80-ամյակին
14-11-2015 19:00:00 | Հայաստան | Մշակույթ
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 19:00-ին, Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում կկայանա երեկո՝ նվիրված թատրոնի 80-ամյակին:
Երեկոյի ընթացքում կամփոփվեն տիկնիկային թատրոնի 80 տարիների անցած ճանապարհը, թատրոնի զարգացումը՝ տիկնիկային թատրոնից մինչև մշակութային կենտրոն:
Երեկոյին հրավիրված են արվեստագետներ, քաղաքական գործիչներ և այն մարդիկ, ովքեր եղել են թատրոնի կողքին այս տարիների ընթացքում:
Միջոցառումը բաղկացաց կլինի 2 մասից.
1. Թատրոնի դահլիճում տեղի կունենա հանդիսավոր արարողություն:
2. Թատրոնի նախասրահում տեղի կունենա ընդունելություն և հյուրերի կողմից շնորհավորական խոսքեր:
Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը հիմնադրվել է 1935թ. հունիսի 1-ին և գործել Պատանի հանդիսատեսի թատրոնին կից: Թատրոնն իր ստեղծագործական ուղին սկսել է «Չարաճճի Պետիկը» և «Շունն ու կատուն» բեմադրություններով:
Հասմիկ Գյոզալյանի գլխավորած թատերախումբը հունիսի 5-ին ներկայացրեց Թումանյանի հեքիաթի հիման վրա բեմադրված իր առաջին՝ «Շունն ու կատուն»
ներկայացումը: Ի հիշատակ առաջին ներկայացման՝ թատրոնը ստացավ Հովհ. Թումանյանի անունը:
Հիմնադիրների թվում էին դերասան և ռեժիսոր Սոֆյա Բեջանյանը, նկարիչ Գևորգ Առաքելյանը, մանկավարժ Մարուե Դուրգարյանը, դերասաններ Պավլոս Բորոյանը և Արաքսյա Արաբյանը: Թատրոնի զարգացման ու հաջողությունների մեջ մեծ է նաեւ ռեժիսոր Երվանդ Մանարյանի ներդրումը:
1936-1937 թվականներից թատրոնը գործում է Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու սրահում։ 1937 թվակնաին թատրոնը մասնակցում է Մոսկվայում անցկացվող Տիկնիկային թատրոնների համամիութենական փառատոնին «Տերն ու ծառան» բեմադրությամբ (ռեժ. Ս. Բեջանյան) և արժանանում է երկրորդ մրցանակի։ Կայացման տարիներին թատրոնի ստեղծագործական կյանքին աջակցել են ռեժիսորներ՝ Լևոն Քալանթարը, Վարդան Աճեմյանը, Տիգրան Շամիրխանյանը, նկարիչներ՝ Խաչատուր Եսայանը, Վաչագան Թևանյանը, Քնարիկ Վարդանյանը, Սուրեն Ստեփանյանը և այլք:
1975թ. թատրոնը տեղափոխվում է իր ներկայիս շենքը` Սայաթ-Նովա 4 հասցեում: Նոր բեմում ստեղծագործելու մեծ հնարավորություններ են ստեղծվում:
1970-1980-ականներին թատրոնում ներկայացումներ են բեմադրում Ռուբեն Մարուխյանը, Տիգրան Զահալյանը, Լարիսա Մանգասարովան, Արմեն Սաֆարյանը՝ Արամայիս Սարգսյանի, Հայկազ Մուրադյանի, հետագայում նաև Անժելա Գալստյանի ձևավորումներով։
1998 թվականից թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարն է Ռուբեն Բաբայանը, մինչ այդ նա թատրոնում աշխատել է որպես գրական մասի վարիչ, ապա բեմադրող ռեժիսոր։
1999-2000թթ. թատրոն են գալիս Ռ. Բաբայանի արվեստանոցն ավարտած երիտասարդ դերասաններ Աղասի Մելքոնյանը, Զարուհի Անտոնյանը, Իննա Հախնազարյանը, Կարեն Խաչատրյանը և այլոք:
2002թ. թատրոնի շենքը ենթարկվեց հիմնանորոգման և հագեցվեց նորագույն սարքավորումներով, արդյունքում` թատրոնն ունեցավ նաև փոքր դահլիճ:
2000-2010թթ. մի քանի ներկայացում են բեմադրել թատրոնի տնօրեն և գեղ. ղեկավար Ռուբեն Բաբայանը (այդ թվում՝ 2007թ. «ԱԿ. Ակ.» մարիոնետային բեմադրությունը` ըստ Գոգոլի «Շինելը» (բեմադրող նկարիչ` Կարինե Եղիազարյան), որն արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի), թատրոնում երկար տարիներ աշխատող՝ ռեժիսոր Լարիսա Մանգասարովան, իսկ 2009թ. իր առաջին ռեժիսորական փորձը հանդիսատեսի դատին է ներկայացրել Ռ. Բաբայանի աշակերտ Զառա Անտոնյանը՝ «Ամպից պոկված հեքիաթը» բեմադրությունը, որը նույնպես ստացել է «Արտավազդ» մրցանակ:
Վերջին տարիներին թատրոնի հետ կապվել են նաև երիտասարդ ուժեր. հետաքրքիր ներկայացումներ է բեմադրել Նարինե Գրիգորյանը` «Աչքերի որս», «Երկնագույն երկրագունդ», «Օրիորդ գեներալ», «Հովնան» և այլն: Սամսոն Մովսեսյանը բեմադրել է «Ալիսան հրաշքների աշխարհում» (2012թ.-ի «Արտավազդ» մրցանակակիր), «Վհուկը» ըստ Գոգոլի «Վիյ» պատմվածքի: Թատրոնի բեմում իրենց ուժերն են փորձում Հռիփսիմե Շահինյան («Ինչպես չբեմադրվեց», «Чуть больше, чуть меньше»), Սամվել Թադևոսյանը («egoist»), Տաթևիկ Մելքոնյանը («Я здесЪ»)...
Թատրոնը ոչ միայն շարունակում է ակտիվ ստեղծագործական կյանքը՝ մանուկներին և մեծահասակներին առաջարկելով բազմաթիվ ներկայացումներ հայերեն և ռուսերեն լեզուներով, այլև հանդիսանում է մշակութային օջախ, ուր կազմակեպվում են թատերական և կինոփառատոներ, ցուցահանդեսներ և այլն:
Հիմնադրումից ի վեր թատրոնը մասնակցում է թատերական տարբեր փառատոների Եվրոպայում և ողջ աշխարհում՝ ստանալով բազմաթիվ մրցանակներ։