Արդիական հագուստների հավաքածուի ցուցադրություն՝ ԱՆՑՅԱԼԻ ԱՊԱԳԱ խորագրով


 

Արդիական հագուստների հավաքածուի ցուցադրություն՝ ԱՆՑՅԱԼԻ ԱՊԱԳԱ խորագրով

  • 19-02-2016 19:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն
Փետրվարի 19-ին՝ ժամը 19:00-ին, հայկական գորգեր ստեղծող ու վերստեղծող «Մեգերյան կարպետ» ընկերության ցուցասրահում (Մադոյան փողոց 9 հասցեում) կայանալու է շուրջ 13 տարի հայկական ավանդական հագուստի վերականգնման ոլորտում գործունեություն ծավալող «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ի նոր՝ ԱՆՑՅԱԼԻ ԱՊԱԳԱ խորագրով աննախադեպ, կրելի, արդիական հագուստների հավաքածուի ցուցադրությունը: Ժամանակակից հագուստներում և աքսեսուարներում կիրառված են հայկական միջնադարյան գորգերի թանգարանային նմուշների նախշեր ու հորինվածքներ: Ցուցադրությունը «Մեգերյան կարպետի» հետ համատեղ է: Հագուստները ներկայացնելու են «ԱՏԵՔՍ նորաձևության կենտրոնի» լավագույն մոդելները: Երեկոյի ընթացքում հնչելու է հայկական մոտիվներով կենդանի երաժշտություն:
 
Մուտքը ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար ազատ է:
Մանրամասների համար զանգահարել՝ 077-701-631 հեռախոսահամարով:
 
«Տերյան մշակութային կենտրոնը» 2007-ից հայտնի է գերազանցապես որպես հայկական ազգային հագուստներն ու հայկական ավանդական ասեղնագործությունը վերականգնող, հնի հիմքի վրա նոր ոճավորված հագուստներ ստեղծող կենտրոն: Սերտորեն համագործակցելով ազգագրագետների հետ, ժամանակի ընթացքում կուտակելով մեծ քանակությամբ գիտական գրականություն և հոդվածներ, հիմք ընդունելով աշխարհի տարբեր թանգարաններում պահվող հայկական հին հագուստները՝ կենտրոնը մշտապես ձգտում է ներկայացնել խիստ որակյալ տարազներ՝ համապատասխան ժամանակին հայ մարդու կենսակերպին ու աշխարհայացքին, որոնք կյանքի են կոչվում կենտրոնի վարպետների տևական աշխատանքի և ջանասիրության շնորհիվ, և որոնք էլ դառնում են մեր մշակույթի խորքն ու էությունն արտացոլող հայելիներ:
 
Կենտրոնի մասնագետների ձեռքերով արդեն իսկ ստեղծվել են թանգարանների օրիգինալ նմուշների կրկնօրինակներ հանդիսացող, 16-20-րդ դարի սկզբի հայկական միջավայրի ազգային հագուստների (տղամարդու և կանացի) վերականգնված տարբերակները՝ համապատասխան շրջանների (Վան/Վասպուրական, Արցախ/Սյունիք, Երևան և այլն), որոնք կրում են հայկական ավանդական ասեղնագործության կարատեսակներով ստեղծված զարդանախշեր: Կենտրոնը, կազմակերպելով իր վերականգնված տարազների հավաքածուի պարբերական ցուցադրություններ, հասարակության տարբեր շերտերին ճանաչելի և սիրելի է դարձնում հայկական տարազը: Բացի այդ, ներկայացնելով նաև դրանց հիմքի վրա ստեղծված ոճավորված հագուստները՝ նպաստում է, որպեսզի հայկական ազգային հագուստի տարբեր տարրերը մուտք գործեն արդի հայի կենսակերպ և ժամանակակից մտածողության տեր հայը կարողանա դրանք կրել մեր օրերում տարբեր առիթների: Կենտրոնը 2012-ից ներկայացնում է իր հագուստները ցուցահանդեսների և ցուցադրությունների միջոցով հայկական Սփյուռքի տարբեր համայնքներում` Վաշինգթոնում, Պերմում, Սանկտ Պետերբուրգում, Մադրիդում, Մոսկվայում, Բրյուսելում, Դուբլինում և այլուր:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն