«Այբ»-ում տեղի կունենա Պատանի քիմիկոսների համահայկական վեցերորդ մրցաշարը


«Այբ»-ում տեղի կունենա Պատանի քիմիկոսների համահայկական վեցերորդ մրցաշարը

  • 30-04-2016 09:00:00   | Հայաստան  |  Իրադարձություն
 
Ապրիլի 30-ին «Այբ» դպրոցում տեղի կունենա Պատանի քիմիկոսների համահայկական վեցերորդ մրցաշարը, որին կմասնակցի կիսաեզրափակիչ փուլ անցած 9 թիմ Արարատից, Գյումրուց, Մասիսից, Վանաձորից, Վաղարշապատից և Երևանից։
 
Մրցաշարի նպատակն է` ներգրավել աշակերտներին գործնական աշխատանքների մեջ, նպաստել նրանց ստեղծագործական կարողությունների և գիտական քննարկումներ վարելու հմտությունների զարգացմանը, խթանել քիմիայի արտադասարանական աշխատանքները:
 
Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարի համակարգող Նինա Հոբոսյանի խոսքով մրցաշարն իր տեսակի մեջ միակն է Հայաստանում․ «Մրցույթն աշակերտներին հնարավորություն է տալիս ամբողջ թիմով փնտրելու և գտնելու լուծումներ առաջադրանքների միջոցով տրվող այնպիսի հարցադրումների, որոնք այս պահին գուցե դեռ լուծում չունեն, ուսումնասիրելու համաշխարհային փորձը և առաջարկելու սեփական լուծումները»։
 
Կիսաեզրափակիչ անցած բոլոր ինը թիմերը կստանան մասնակցության հավաստագրեր և մրցանակներ, իսկ մրցանակային տեղերը զբաղեցրած թիմերը` նաև դիպլոմներ: 
 
Նշում. այս տարի մրցաշարն ունեցել է ռեկորդային թվով մասնակից՝ 36 թիմ, 172 մասնակից աշակերտ և 51 մարզիչ ու ղեկավար:
 
Հայաստանում Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարի բացառիկ կազմակերպիչ` «Այբ» կրթական հիմնադրամ:
 
Մրցույթը  Հայաստանում անցկացվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հովանու ներքո:
 
Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարը (ՊՔՀՄ) փոխներգործուն (ինտերակտիվ) խաղի սկզբունքով անցկացվող թիմային մրցույթ է, որտեղ 9-12-րդ դասարանների աշակերտները լուծում են քիմիայի բարդ ու հետաքրքիր առաջադրանքներ և բանավիճում գիտական թեմաների շուրջ: ՊՔՀՄ-ի մարտերը դատում է ժյուրին, որի կազմում ներգրավված են ԵՊՀ-ի, ՀԱՊՀ-ի և ՀՊՄՀ-ի դասախոսներ, երիտասարդ գիտաշխատողներ, ուսուցիչներ, այլ մասնագետներ:    
 
 
 
 
Նոյյան տապան   -   Իրադարձություն