Վեցօրյա աննախադեպ փառատոն «ՏաԹևեր» ճոպանուղու ամբողջ տարածքում` 60-ից ավելի բեյսջամփերների մասնակցությամբ


Վեցօրյա աննախադեպ փառատոն «ՏաԹևեր» ճոպանուղու ամբողջ տարածքում` 60-ից ավելի բեյսջամփերների մասնակցությամբ

  • 05-06-2016 07:30:00   | Հայաստան  |  Իրադարձություն

Փառատոն, որն աննախադեպ է, յուրահատուկ և Հայաստանում է համախմբելու 8 երկրների 60-ից ավելի բեյսջամփերների: Էքստրեմալ սպորտի սիրահարներն առաջին անգամ աշխարհում Go2Armenia զբոսաշրջային ընկերության նախաձեռնությամբ հնարավորություն կունենան հունիսի 5-10-ը Տաթևում մասնակցելու BASE Fest միջոցառմանը:
 
Տարբեր երկրներում բեյսջամփերները թռիչքներ են իրականացնում շենքերից: BASE Fest-ն առանձնահատուկ է, քանի որ մարզիկներն առաջին անգամ կթռչեն ճոպանուղու խցիկներից: 
Վեցօրյա փառատոնը, որի նպատակն է ակտիվացնել զբոսաշրջությունը Հայաստանում, կմեկնարկի հունիսի 5–ին: Մասնակիցներին սպասում են հետաքրքիր մարզական, մշակութային և ժամանցային միջոցառումներ, որոնք կանցկացվեն «ՏաԹևեր» ճոպանուղու ամբողջ տարածքում:
Ֆրանսիայից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից և այլ երկրներից Հայաստան ժամանած բեյսջամփերները թռիչքներ կանկացնեն «ՏաԹևեր»–ի խցիկներից: Նրանք արդեն հասցրել են մասնակցել թեստային թռիչքների, որոնք տեղի են ունեցել նախորդ տարվա դեկտեմբերին:
Կազմակերպիչները ակտիվ և հագեցած միջոցառումներ են խոստանում: BASE Fest-ով հետաքրքրվողները կարող են զբոսաշրջավարի ուղեկցությամբ արշավային տուր պատվիրել և մոտ տարածությունից տեսնել, թե ինչպես են բեյսջամփերները վայրէջքներ կատարում: Նախատեսվում է նաև ամբողջ ընթացքն ուղիղ եթեր հեռարձակել համացանցով, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան դիտել այդ աննախադեպ զբոսաշրջային և մարզական միջոցառումը:  
Մինչ միջոցառման մեկնարկը կազմակերպիչները կանցկացնեն preparty, որը տեղի կունենա հունիսի 3–ին Downtown ակումբում: Երեկոյին կմասնակցեն բոլոր այն մարզիկները, ովքեր կհասցնեն ժամանել Հայաստան: Կներկայացվի տեղեկատվություն բեյսջամփինգի մասին: Միջոցառմանը ելույթ կունենա DJ Karo Pillz-ը, ով նվագելու է նաև Տաթևում: Երեկույթի մասնակիցներին կբաժանվեն տարբերակիչ ապարանջաններ, որոնց շնորհիվ նրանք առավելություններ կունենան Տաթևում: Նախատեսվում են նաև այլ անակնկալներ:
Ովքե՞ր են միջոցառման կազմակերպիչները
BASE Fest փառատոնն իրականացնում է Go2Armenia զբոսաշրջային ընկերությունը: Թռիչքների հատվածը կազմակերպում է Գլեբ Վորեվոդինը, որը հայտնի է բեյսջամփեր է:
Ինչպե՞ս դառնալ փառատոնի մասնակից
Բոլոր ցանկացողները կարող են հունիսի 5–ի համար երկու ուղղությամբ տոմս գնել: Մասնակիցներին Հանրապետության հրապարակից ժամը 7:30 միջոցառման վայր՝ Տաթև կտեղափոխի հատուկ ավտոբուսը:
Ի՞նչ է բեսյջամփինգը
Բեյսջամփերները բավականին ցածր՝ 320 մետր բարձրությունից, իրականացնում են պարաշյուտային թռիչքներ: Նշենք, որ թեև բեյսջամփինգը էքստրեմալ սպորտաձև է, այնուամենայնիվ, Հայաստան ժամանող բոլոր մարզիկներն ապահովագրված են:
«ՏաԹևեր»–ի մասին
«ՏաԹևեր» ճոպանուղին դեպի Սյունիքի բնական և պատմական հարստությունները տանող օդային ճանապարհ է: Այն Գինեսի ռեկորդների գրքում գրանցված աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղին է (5752 մ):
Նոյյան տապան   -   Իրադարձություն