Շնորհանդես՝ ՀԱՀ Զարուհի Չիթչյան ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի առաքելությունը

03-06-2016 11:30   | Հայաստան  |  Շնորհանդես
Հունիսի 3-ին ժամը 11:30 -12:30-ը ՀԱՀ  Զարուհի Չիթչյան ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի բացման շնորհանդես: 
Մինչ բացման արարողությունը հանդիսավոր պայմաններում մարվելու  և շրջանառության մեջ է դրվելու Հայաստանում ամերիկյան համալսարանի հիմնադրման 25-ամյակին նվիրված փոստային բացիկը: Բացման արարողությանը ներկա են լինելու բարձրաստիճան պաշտոնյաներ, դեսպաններ, հրավիրված հյուրեր և ՀԱՀ հոգաբարձուների խորհուրդը:
 
Հունիսի 3-ին ժամը 19:00-ին
Հայաստանի պետական  Ֆիլհարմոնիայի  Արամ Խաչատրյան մեծ դահլիճում տեղի կունենա Գալա համերգ՝ նվիրված ՀԱՀ 25-ամյա տարելիցին:
Համերգին ներկա կլինի ՀՀ Հանրապետության նախագահը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը,  ՀԱՀ հոգաբարձուների խորհուրդը,  բարձրաստիճան պաշտոնյաներ,դեսպաններ և հրավիրված հյուրեր: 
 
Լրատվամիջոցների համար մուտքը ազատ է:
 
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ- ՀԱՀ  Նորարարական կենտրոնի առաքելությունը
 
Համալսարանում ձեռներեցության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի ստեղծումը կհանդիսանա ձեռներեցության զարգացման, այդ ոլորտում կրթական ծրագրերի իրականացման, միջմասնագիտական համագործակցության և սկսնակ ընկերությունների ձևավորումը  խթանող հարթակ: Կենտրոնի նպատակն է պատրաստել բանիմաց և արդյունավետ ձեռներեց անձինք, որոնք իրենց գործարար նախաձեռնություններով կարձագանքեն տնտեսության զարգացման կարիքներին:  
 
Լսարանային քննարկումների, պրոտոտիպային /նախատիպային մոդելավորման/ կարողությունների համատեղումը բիզնեսի տարբեր  ոլորտների տեխնիկական խորհրդատուների փորձի հետ ուսանողներին հնարավորություն կտա  կիրառել գիտելիքները և զարգացնել նոր  նախաձեռնություններ:
 
Կենտրոնում գործող ծառայությունները և առաջարկվող ծրագրերը:
 
Նորաոճ և ժամանակի ոգուն համահունչ պայմաններ. Նոր վերանորոգված և ժամանակակից պրոտոտիպային միջավայրը զինված կլինի վերջին սերնդի սարքավորումներով (օր.՝ 3D տպիչներ, 3D լազերային սկաներ, և վակուումային ձուլման սարքեր):
 
Բացի այդ, նոր կահավորված շուրջ 100 նստատեղ ունեցող լսարանը կենտրոնին հնարավորություն կտա իրականացնել ուսուցման տարբեր ծրագրեր և միջոցառումներ: Կենտրոնը տեղակայված է ՀԱՀ-ի հիմնական մասնաշենքում: Լաբորատորիայի տարածքը գտնվում է նկուղային հարկում, իսկ լսարանները և թիմային աշխատանքի համար նախատեսված սենյակները՝ հինգերորդ և վեցերորդ հարկերում: 
 
Ուսումնական նպատակներ. Կառաջարկվեն ՀԱՀ ֆակուլտետների հետ համատեղ կազմակերպված զանազան դասընթացներ:
 
Խորհրդատվություն. Տեղացի և միջազգային բազմաթիվ խորհրդատուներ ուսանողներին կտրամադրեն սկսնակ ձեռնարկությունների հիմնադրման և զարգացման վերաբերյալ  գործարարական և տեխնիկական խորհրդատվություն:
 
Միջոցառումներ.   Նախատեսվում է լայնածավալ միջոցառումների կազմակերպում  ուսանողներին ու հանրության լայն շերտերին արդյունաբերական տարբեր ճյուղերի նոր միտումների մասին տեղեկացնելու և մասնագետների հետ շփման հնարավորությունները ընդլայնելու նպատակով:
 
Աջակցություն սկսնակ ընկերություններին.  Հստակ կազմված ծրագրերը արդյունավետորեն  կնպաստեն  սկսնակ ընկերությունների ստեղծմանը: Կենտրոնը նաև նախնական ֆինանսավորում կտրամադրի սահմանափակ թվով խոստումնալից սկսնակ ընկերությունների գաղափարների զարգացմանը և դրանց կայացմանը: Ավելին՝ Կենտրոնը կաջակցի ընկերություններին՝ գրանցման և մտավոր սեփականության պաշտպանության գործում: 
 
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից