Ասուլիս` նվիրված հայկական ներառական առաջին պրոֆեսիոնալ թատերախմբի մասնակցությանը Գլազգոու քաղաքում կայացած Tramway's Unlimited փառատոնին


Ասուլիս` նվիրված հայկական ներառական առաջին պրոֆեսիոնալ թատերախմբի մասնակցությանը Գլազգոու քաղաքում կայացած Tramway's Unlimited փառատոնին

  • 27-09-2016 14:00:00   | Հայաստան  |  Ասուլիս
Սեպտեմբերի 27-ին 14.00-ին Փոքր թատրոնում (Աբովյան 11) տեղի կունենա ասուլիս` նվիրված հայկական ներառական առաջին պրոֆեսիոնալ թատերախմբի մասնակցությանը Գլազգոու քաղաքում կայացած Tramway's Unlimited փառատոնին: Մասնակցում են ՄԹ դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը, ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը և Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանը: 
 
Հայկական ներառական առաջին պրոֆեսիոնալ թատերախումբը ելույթ ունեցավ Շոտլանդիայում
Սեպտեմբերի 15-ին և 16-ին Շոտլանդիայի Գլազգոու քաղաքում անցկացվող Tramway's Unlimited փառատոնին հայկական ներառական առաջին պրոֆեսիոնալ թատերախումբը ներկայացավ «Hiraeth» բեմադրությամբ:
Բեմադրությունից հետո Herald Scotland-ը գրեց. «Ընդամենը 2014 թվականին հիմնադրված պրոֆեսիոնալ ներառական թատերախումբը  ներկայացրեց իր հայրենիքի պատմության ամենադժվարին պահերն արժանապատվությամբ և ոգեղեն հավատով`կարողանալով խոսել բոլորիս հետ »:
«Hiraeth»-ը բեմադրվել է  Փոքր թատրոնում Բրիտանական խորհրդի «Պար` առանց սահմանների» ծրագրի շրջանակում 2015 թվականին: «Hiraeth» ներառական ներկայացման բեմադրող ռեժիսորն է ՄԹ Կանդուկո ներառական պարային խմբի դերասան Ջեմայմա Հոադլին:
Tramway's Unlimited փառատոնն անցկացվեց սեպտեմբերի 15-ից 25-ը`ներկայացնելով հաշմանդամություն ունեցող արվեստագետների աշխատանքները`կատարողական արվեստից մինչև վիզուալ:
Մինչ Գլազգոու մեկնելը` սեպտեմբերի 12-ին, «Պար` առանց սահմաններ» ծրագրի մասնակիցները հյուրընկալվել էին Մեծ Բրիտանիայի խորհրդարանում, ուր նրանց հետ հանդիպել էր հայ-բրիտանական խորհրդարանական խմբի ղեկավար Ստիվըն Փաունդը և սըր Ալան Միլը: Խորհրդարանական խումբն իր ոգևորությունն էր հայտնել Գլազգոյի Tramway Unlimited փառատոնին ներառական թատերախմբի մասնակցության կապակցությամբ: 
Այնուհետև`սեպտեմբերի 13-ին, Բրիտանական խորհրդի Լոնդոնի գրասենյակում տեղի է ունեցել ծրագրի շնորհանդեսը ՄԹ-ում հայ համայնքի, ՀՀ դեսպանատան և ՄԹ արտգործնախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ: Հյուրերին է ներկայացվել ծրագրի անցած ուղին և գրանցած հաջողությունները:
Ծրագիրն իր ուղին սկսել էր բրիտանական Կանդուկո ներառական պարային խմբի աջակցությամբ և ՄԹ կատարած ուղևորության ընթացքում մասնակիցներն այցելել են Կանդուկո արվեստանոց: «Hiraeth» ներկայացման ռեժիսոր Ջեմայմա Հոադլիի գլխավորությամբ Կանդուկոյի դերասանների հետ նրանք մասնակցել են համատեղ վարժանքի:
«Պար` առանց սահմաններ» ծրագրի մասնակիցներն այցելել են նաև Գրեյ թատրոն, որն իր ձևաչափով կարևորագույն տեղ է զբաղեցնում թատերական աշխարհում: Այն ամբողջովին ներառական և մատչելի թատրոն է, որի ներկայացումները հասանելի են բոլորին:
«Պար` առանց սահմանների» ծրագրի առաջնայնություններից է կոտրել հաշմանդամություն ունեցող մարդկանց հանդեպ եղած կարծրատիպերը և բարձրացնել նրանց ինքնավստահությունն արվեստի միջոցով,և հնարավորություն տալ իրագործել իրենց ներուժը: Ծրագրի շրջանակում արդեն իսկ բերմադրվել է երկու ներկայացում`«Մի լքիր ինձ»-ը և «Hiraeth»-ը:
Ծրագրին աջակցում են Երևանում Բրիտանական դեսպանատունը, ՀՀ Մշակույթի նախարարությունը, Սուրբ Սարգիս բարեգործական հիմնադրամը  և ՄԹ-ում հայկական սփյուռքը: Ծրագրի գործընկերն է Գեղագիտության ազգային կենտրոնի «Փոքր» թատրոնը:
 
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի հանրային կապերի պատասխանատու Արևիկ Բադալյանին` 055 00 88 58, 010 55 29 45 (5104), arevik.badalyan@britishcouncil.am կամ այցելեք www.britishcouncil.am կայքը:
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ասուլիս