Համերգ՝ նվիրված Թարիվերդիևի 85-ամյակին


Համերգ՝ նվիրված Թարիվերդիևի 85-ամյակին

  • 28-10-2016 19:00:00   | Հայաստան  |  Համերգ
 
Ռուսաստանի դաշնության և Հայաստանի հանրապետության Մշակույթի նախարարությունները Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ «Հիշիր այս պահը» միջազգային փառատոնի շրջանակներում ներկայացնում են ՝ ազգությամբ հայ հանրաճանաչ երգահան Միքայել Թարիվերդիևի 85-ամյակին նվիրված երկու համերգ: Նախագծի իրականացմանն աջակցում են Ռոսկոնցերտ համերգա-հյուրախաղային միությունը և Միքայել Թարիվերդիև բարեգործական ֆոնդը:
 
Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 19-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա «Յո երթաս» խորագրով երգեհոնային երաժշտության համերգը: Ծրագրում կներկայացվեն Մուսորգսկու, Պրոկոֆևի, Ստրավինսկու, Թարիվերդիևի և Չայկովսկու ստեղծագործություններից: Որպես մենակատար կներկայանա Լադա Լաբզինան (Ռուսաստան), ում կողմից էլ կատարվել են ներկայացվելիք ստեղծագործությունների փոխադրումները երգեհոնի համար: Երեկոն կվարի կոմպոզիտորի կինը՝ Վերա Թարիվերդիևան, ով հանդիսանում է Միքայել Թարիվերդիևի բարեգործական ֆոնդի նախագահը, «Երաժշտության կենսագրությունը» (երգահանի կյանքի և ստեղծագործության մասին) գրքի հեղինակը, Միքայել Թարիվերդիևի անվան երգեհոնահարների մրցույթի գեղարվեստական տնօրենը:
 
Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 19-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կներակայացնի Թարիվերդիևի 85-ամյակին նվիրված երկրորդ հոբելյանական համերգը: Ծրագրում՝ Կոնցերտ ձայնի և նվագախմբի համար, «Հիշիր այս պահը» վոկալ շարք, հատվածներ օպերաներից և կինոերաժշտությունից: Կմասնակցեն Մերիդիան վոկալ տրիոն (Նադեժդա Լուկաշևիչը, Նիկոլայ Սմետանինը , Ալեքսեյ Պոդշիվալովը), մենակատարներ Թեհմինե Զարյանը (սոպրանո), Ալեքսեյ Գորիբոլը (դաշնամուր), Դավիթ Բաբայանցը (բարիտոն) Արմեն Մեսրոպյանը (թավջութակ): Համերգը կրկին կվարի  Վերա Թարիվերդիևան: Դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան: 
Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը նոյեմբերի 2-ին և 4-ին՝ ժամը 19-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում Երևանյան 10-րդ միջազգային երաժշտական փառատոնի փակմանը կներկայացնի Ջուզեպե  Վերդիի «Ռիգոլետո» օպերայի թատերականացված համերգային կատարումները: Փառատոնի հանդիսավոր փակումը կկայանա նոյեմբերի 2-ին: Կմասնակցեն հայտնի մեներգիչներ և Արական երգչախումբը: Հատուկ հյուր՝ Ջանպիերո Ռուջերի, բարիտոն (Իտալիա): Թատերական դրվագների բեմադրիչն է Սուքիաս Թորոսյանը: Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան: 
 
 
 
Դերերգերով հանդես կգան՝ 
Հերցոգ՝ Լիպարիտ Ավետիսյան, տենոր (նոյեմբերի 2)
               Տիգրան Օհանյան, տենոր (նոյեմբերի 4)
Ռիգոլետո՝ Ջանպիերո Ռուջերի, բարիտոն (Իտալիա) (նոյեմբերի 2)
              Դավիթ Բաբայանց, բարիտոն (նոյեմբերի 4)
Ջիլդա՝ Հասմիկ Թորոսյան, սոպրանո
Սպարաֆուչիլե՝ Սուրեն Շահիջանյան, բաս
Մադալենա՝ Նարինե Անանիկյան, մեձո սոպրանո
Ջովաննա՝ Մարիամ Ալոյան, մեձո սոպրանո
Մոնտերոն՝ Ռիչարդ Մադլենյան, բաս (նոյեմբերի 2)
                      Սարգիս Բաժբեուկ-Մելիքյան, բաս (նոյեմբերի 4)
Մարուլլո՝ Գագիկ Վարդանյան, բարիտոն
Բորսա՝ Արտակ Մելքոնյան, տենոր
Չեպրանո՝ Պողոս Բիազբեկյան, բաս
Կոմսուհի՝ Սիլվա Պետրոսյան, սոպրանո
 
Միքայել Թարիվերդիև
Ազգությամբ հայ հռչակավոր երգահան, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, ֆիլմերի երաժշտության հեղինակ Միքայել Թարիվերդիևը (Թարիվերդյանը) ծնվել է 1931թ-ին Թբիլիսիում։ Սովորել է Թբիլիսիի երաժշտական տասնամյա դպրոցում, ապա՝ ուսումնարանում, որոշ ժամանակ՝ Երևանի կոնսերվատորիայում՝ զուգահեռ ուսանելով նաև հայերեն: 1957թ-ին ավարտել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական-մանկավարժական ինստիտուտի (այժմ՝ Ռուսաստանի երաժշտական ակադեմիա) ստեղծագործական բաժինը՝ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ղեկավարությամբ։
Միքայել Թարիվերդիևը առավել հայտնի է ֆիլմերի համար գրված երաժշտությամբ։ Նա կինոյում ստեղծագործել է 1958թ-ից. հեղինակ է շուրջ 130 ֆիլմի երաժշտության, որոնց բնորոշ է ինքնատիպ մեղեդայնությունը: Առավել հիշարժան են՝ «Եղջերու Արքան» (1970թ.), «Գարնան տասնյոթ ակնթարթ» (1973թ.), «Տասնհինգերորդ գարունը» (1973թ.), «Ճակատագրի հեգնանքը» կամ «Բաղնիքդ անուշ» (1976թ.), «Հե՛յ, ո՞վ կա այդտեղ» (1979 թ., Հայֆիլմ) և այլ ֆիլմերի համար գրված երաժշտությունները։ Գրել է երաժշտություն նաև թատերական ներկայացումների և ռադիոբեմադրությունների համար։ Ստեղծագործել է երաժշտության գրեթե բոլոր ժանրերում։ Գրել է «Ո՞վ ես», «Կոմս Կալիոստրո», «Սպասում» օպերաները, «Ստվեր», «Երջանկության պոեմ», «Աղջիկը և մահը», «Աղջիկը գնդի վրա» բալետները, «Չեռնոբիլ» երգեհոնային սիմֆոնիան, կոնցերտներ ձայնի և նվագախմբի, ջութակի և նվագախմբի, երգեհոնի համար, դաշնամուրային պիեսների՝ 24, ռոմանսների՝ 15 (այդ թվում՝ «Տխուր երգեր»՝ Ավետիք Իսահակյանի խոսքերով) շարքեր, երգեր՝ ճապոնացի միջնադարյան բանաստեղծների, նաև Վիլյամ Շեքսպիրի, Բելա Ախմադուլինայի, Մարինա Ցվետաևայի, Սերգեյ Եսենինի, Վլադիմիր Մայակովսկու և ուրիշների խոսքերով։ 
Թարիվերդիևը 3 անգամ արժանացել է ՌԴ Նիկա կինոմրցանակին, Ամերիկյան երաժշտական ակադեմիայի մրցանակին։ 1997թ-ին հրատարակվել է նրա «Ես պարզապես ապրում եմ» գիրքը։ 1999թ-ից՝ 2 տարին մեկ, ՌԴ Կալինինգրադ քաղաքում անցկացվում է երգեհոնահարների՝ Թարիվերդիևի անվան միջազգային մրցույթը։ 
 
 
 
Նոյյան տապան   -   Համերգ