Աթենքում պաշտոնապես նշելու է «Հայկական պոեզիայի հունարեն թարգմանության 120 ամյակը»


Աթենքում պաշտոնապես նշելու է «Հայկական պոեզիայի հունարեն թարգմանության 120 ամյակը»

  • 12-12-2016 18:30:00   | Հունաստան  |  Մշակույթ
 
«Հույն գրողների միությունը» (ՀԳՄ) Աթենքում պաշտոնապես նշելու է «Հայկական պոեզիայի հունարեն թարգմանության 120 ամյակը»:
 
Միջոցառումը տեղի կունենա երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 18.30-ին, Հույն գրողների միության հանդիսությունների սրահում։ 
Հունաստանում Հայ համայնքի պատմության մեջ առաջին անգամ «Հույն գրողների միությունը» իր հարգանքի տուրքն է տալիս հայ գրականությանը` պաշտոնապես նշելով հայկական պոեզիայի հունարեն թարգմանության 120 ամյակը: Հանդիսությանը կմասնակցեն ՀԳՄ նախագահ Կոստաս Կառուսոսը, նախկին նախագահներ Մեսրս Պավլոս Նաթանելը, և Ավգերինոս Անդրեուն: Հունարենով հայ պոեզիայի նմուշներ կներկայացնեն դերասաններ Ֆրոսո Զագարեուն, Դինոս Պոնտիկոպուլոսը և Հայկ Գասարջյանը: Հայկական պոեզիայի հունարեն թարգմանությունների մասին հակիրճ պատմական ակնարկ կներկայացնի գրող Հունա-հայկական ուսումնասիրությունների կենտրոնի քարտուղար Հովսեփ Քասեսյանը: Կընթերցվեն հատվածներ Նալբանդյանի, Պատկանյանի, Սիամանթոյի, Վարուժանի, Իսահակյանի, Պարույր Սևակի, Շիրազի և այլ պոետների բանաստեղծությունների հունարեն թարգմանություններից: Հյուրերին ողջույնի խոսք կասի Աթենքի համալսարանի պրոֆեսոր, ՀԲԸՄ մասնաճուղի նախագահ Համբիկ Մարուքյանը:
Սա 1896թ. -ի համիդյան ջարդերի հիշատակման 120-ամյակին նվիրված յոթ միջոցառումների շարքի երկրորդ հանդիպումն է լինելու: 
Հայերենից հունարեն թարգմանված առաջին բանաստեղծությունը եղել է Միքայել Նալբանդյանի «Ազատությունը», որը տպագրվել է 1895թ. սեպտեմբերին Աթենքի «ՀԵՍԹԻԱ» ամսագրում՝ Պոլսի Գում Գափու թաղամասում Հնչակյան կուսակցության կազմակերպած ցույցերին հաջորդած համիդյան ջարդերից հետո: Սրան հաջորդեցին նաև այլ թարգմանություններ՝ հռչակավոր հույն բանաստեղծների և հունահայ գրողների կողմից: 
 
Հույն գրողների միության հանդիսությունների սրահի հասցեն.
Աթենք, Գենադյու 8 և Ակադեմիայի փողոց: 
Մուտքն ազատ է:
 
 
 
Նոյյան տապան   -   Մշակույթ