Շնորհանդես՝ «Կոմիտաս` իմ երաժշտական Սրբություն» գրքի


Շնորհանդես՝ «Կոմիտաս` իմ երաժշտական Սրբություն» գրքի

  • 29-04-2017 15:00:00   | Հայաստան  |  Շնորհանդես
Ապրիլի 29-ին, ժ. 15:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի կունենա քուվեյթահայ բանաստեղծուհի Սիլվա Պորտոյանի «Կոմիտաս` իմ երաժշտական Սրբություն» գրքի շնորհանդեսը: 
 
Սիլվա Պորտոյանը անվանի մանկաբույժ է: Բանաստեղծություններ նա սկսել է գրել 7 տարեկանից, սակայն բժշկական ուսումնարան ընդունվելուց հետո դադարել է պոեզիայով զբաղվել: Նա երբեք չէր կարծում, որ 60 տարեկանից հետո կվերսկսի ստեղծագործել: Պոեզիայի աշխարհ տիկին Պորտոյանը վերադարձավ իր հարսի` Լիլիթի հորդորով: 2007թ.-ից նա բանաստեղծությունների 18 գիրք հրատարակեց (որոնցից 16-ը` անգլերենով) և արժանացավ Քարնեգի Պոեզիայի մրցանակի «Երդմնակալության օր» ստեղծագործության համար: Նրա բանաստեղծություններից շատերը հայ ազգի Ցեղասպանության տառապանքի ոգեշնչումն են, դրանք տոգորված են Դիարբաքիրից (Տիգրանակերտ) իր տատիկի` Զարուհու պատմություններով. տատիկը կորցրել էր ամուսնուն, տունը և հարազատներին:
Տիկին Պորտոյի մոտ Կոմիտասի մասին ստեղծագործելու ցանկություն առաջացավ, երբ իմացավ, որ բազմաթիվ քանդակագործներ և նկարիչներ կերտել են վարդապետի կերպարը: Սիլվա Պորտոյանի մեծ ցանկությունն էր հայ արվեստագետներին միջազգային հարթակում առավել ճանաչված դարձնել, քանի որ նրանցից շատերի մասին քչերը գիտեն Հայաստանից դուրս: Նա փորձեց բոլորին նվիրել մեկական բանաստեղծություն, սակայն իր համար բացահայտեց, որ Կոմիտասի կերպարին անդրադարձ կատարած արվեստագետների թիվը ավելի մեծ է, քան սկզբում պատկերացնում էր: Այդպիսով, տիկին Պորտոյանը հասկացավ, որ հնարավոր չէր այդ մի գրքում ընդգրկել բոլորին, ուստի անհրաժեշտություն կա ևս մեկ գիրք հրատարակել ապագայում:
«Կոմիտաս` իմ երաժշտական Սրբություն» գրքի շնորհանդեսին իրենց կատարումներով հանդես կգան նաև երգչուհի Լուսինե Ազարյանը և «Փարոս» կամերային երգչախումբը:
 
 
Կոմիտասի թանգարան-ինստիտուտ,
Հասարակայնության հետ կապերի բաժին,
Երևան, Արշակունյաց 28,
 
 
 
 
Նոյյան տապան   -   Շնորհանդես