«Աջակցություն Հայաստանի հանրակրթական դպրոցներում և համալսարաններում ԵՄ-ի մասին դասընթացների կազմակերպմանը» ծրագրի ամփոփիչ միջոցառումը
28-06-2017 11:00:00 | Հայաստան | Իրադարձություն
Հունիսի 28-ին, ժամը 11:00-ին Հրազդանի թիվ 13 ավագ դպրոցում տեղի կունենա «Աջակցություն Հայաստանի հանրակրթական դպրոցներում և համալսարաններում ԵՄ-ի մասին դասընթացների կազմակերպմանը» ծրագրի ամփոփիչ միջոցառումը: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Հայաստանի Հանրապետության Կրթության և գիտության նախարարության հետ համագործակցաբար:
Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Ն.Գ. Պյոտր Անտոնի Սվիտալսկին, Հայաստանում ԵՄ անդամ երկրների դեսպաններ, հանրակրթական դպրոցների աշակերտներ, ուսուցիչներ և տնօրեններ:
«Աջակցություն Հայաստանի հանրակրթական դպրոցներում և համալսարաններում ԵՄ-ի մասին դասընթացների կազմակերպմանը» ծրագրի նպատակն է ընդլայնել հայաստանյան հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատություններում Եվրոպական միության (ԵՄ) վերաբերյալ դասավանդումը: Այն հիմնված է ԵՄ ֆինանսավորմամբ 2012-2014թթ. իրականացված «Աջակցություն ԵՄ հաղորդակցությանը` Հայաստանում բարեփոխումների վերաբերյալ» ծրագրի՝ կրթական բաղադրիչի մասով ձեռքբերումների վրա: Ընթացիկ ծրագրի շրջանակում Եվրոպական միության, վերջինիս արժեքների, քաղաքականության և հաստատությունների, ինչպես նաև ԵՄ-Հայաստան համագործակցության վերաբերյալ դասընթացներ անցկացվել են 17 հանրակրթական դպրոցների աշակերտների և 5 բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների համար՝ ներառելով Երևանը և Հայաստանի բոլոր մարզերը: Ծրագրի հիմնական արդյունքներն են.
•ԵՄ-ի մասին ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից երաշխավորված նորացված և բարելավված դպրոցական առարկայական ծրագիր ու ձեռնարկ
•ԵՄ-ի մասին նորացված և բարելաված համալսարանական ձեռնարկ
•ԵՄ վերաբերյալ դասընթացի իրականացմանը ներգրավված ուսուցիչների կարողությունների զարգացում
•Մշակված հատուկ մեթոդաբանություն ուսումնառության հատուկ կարիքներ ունեցող աշակերտների, ինչպես նաև ուսանողակենտրոն դասավանդման և ուսումնառության մոտեցումներ
•Աշակերտների և ուսանողների մոտ Եվրոպական միության, վերջինիս արժեքների, քաղաքականության և հաստատությունների, ինչպես նաև ԵՄ-Հայաստան համագործակցության վերաբերյալ իրազեկվածության ու իմացության բարձրացում
•Հետագա համագործակցության նպատակով կապերի հաստատում հայաստանյան և եվրոպական դպրոցների ու համալսարանների միջև:
Հասցե՝ ք. Հրազդան, կենտրոնական թաղամաս:
ԶԼՄ-ների ներկայացուցիչների տեղափոխումը անհրաժեշտության դեպքում կկազմակերպվի:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել`
Սամվել Կարաբեկյան, ծրագրի թիմի ղեկավար, հեռ. 095-31-33-13
Արայիկ Նավոյան, ծրագրի փորձագետ, հեռ. 055 10-06-66