Սիրիահայ և տեղաբնակ երիտասարդները հրավիրում են «Հայկական տանիք» բենդ-փառատոնին
21-07-2017 19:30:00 | Հայաստան | Իրադարձություն
Հուլիսի 21-ին` ժամը 19:30-ին, Հայկական բարեգործական ընդհանուր միության տանիքում (հասցե`Մելիք Ադամյան 2/2) տեղի կունենա «Հայկական տանիք» խորագրով բենդ- փառատոն` սիրիահայ և տեղաբնակ երիտասարդների մասնակցությամբ:
Փառատոնը կազմակերպվում է Վորլդ Վիժն Հայաստանի, Հայկական բարեգործական ընդհանուր միության և Երիտասարդները հանուն զարգացման հիմնադրամի կողմից:
Միջոցառման հատուկ հյուրերն են ՀՀ մշակույթի, ՀՀ Սփյուռքի և Կառավարության աշխատակազմի ներկայացուցիչներ, տեղական և հասարակական միջազգային մի շարք կազմակերպություններ:
Բենդ-փառատոնը կմեկնարկի պետական և ՀԿ սեկտորի ներկայացուցիչների ելույթներով: Պաշտոնական հատվածի ավարտից հետո ելույթ կունենան տեղաբնակ և սիրիահայ երիտասարդ բենդեր` հին հայկական երգերի նոր մատուցմամբ: Միջոցառման ընթացքում կներկայացվեն նաև սիրիահայ երիտասարդների հաջողակ պատմություններ:
Բենդ-փառատոնը կազմակերպվում է «Հմտություններ և գիտելիքներ հանուն երիտասարդների հզորացման» ծրագրի շրջանակներում` նպատակ ունենալով նպաստել տեղաբնակ և սիրիահայ երիտասարդների ինտեգրմանը: Միջոցառումը կխթանի նաև տաղանդավոր տեղաբնակ և սիրիահայ երիտասարդների կողմից ստեղծված երաժշտական խմբերի ճանաչմանը:
«Հմտություններ և գիտելիքներ հանուն երիտասարդների հզորացման» ծրագիրը ֆինանսավորվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի բնակչության, փախստականների և միգրացիայի բյուրոյի կողմից: