Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ) 2016-2017 ուս. տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն
16-12-2017 13:00:00 | Հայաստան | Իրադարձություն
Դեկտեմբերի 16-ին` ժամը 13:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում (ք. Երևան, Մաշտոցի 46) տեղի կունենա Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ) 2016-2017 ուս. տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Հայաստանում ֆրանսիական համալսարանը մեծ դեր ունի Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում: Առ այսօր Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի հետ համագործակցության արդյունքում համալսարանն ունի շուրջ 2000 շրջանավարտ: Ըստ 2016 թվականի հունիս ամսին համալսարանի կողմից անցկացված աշխատանքի տեղավորման վերաբերյալ հարցման արդյունքների՝ ՀՖՀՀ-ի շրջանավարտների ավելի քան 80%-ն աշխատում է իր մասնագիտությանը համարժեք, 10%-ը շարունակում է ուսումը, և Մագիստրատուրան ավարտածների միայն 5%-ն է աշխատանք փնտրում: Ուսման խստությունը, վերլուծական մտքի զարգացումը, քննադատական մոտեցումը այն կարևոր կետերն են, որոնք բնութագրում են ՀՖՀՀ-ի ուսանողներին և նրանց մրցունակ դարձնում աշխատաշուկայում:
Միջոցառմանը ներկա կգտնվեն Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը, Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի Միջազգային կապերի գծով փոխնախագահ, ՀՖՀՀ-ի իրավաբանական ֆակուլտետի համադեկան Գիյոմ Ռուսսեն, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Հայաստանի գրասենյակի նախագահ Վազգեն Յակուբյանը, պաշտոնատար այրեր, դիվանագիտական ներկայացուցիչներ, ձեռնարկության ղեկավարներ, շրջանավարտներ, ուսանողներ և ծնողներ:
Միջոցառմանը հրավիրված են ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, Հայաստանում ֆրանսիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանը, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:
Միջոցառման ընթացքում կտրամադրվեն Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության գերազանցության կրթաթոշակներ համալսարանի 25 ուսանողներին: ՀԲԸՄ-ն ամեն տարի գերազանցության կրթաթոշակներ է շնորհում համալսարանի լավագույն ուսանողներին:
Միջոցառման ընթացքում կտրամադրվեն նաև Հայաստանում ֆրանսիական միջազգային դպրոցի շրջանավարտների ավարտական վկայականները:
Միջոցառումը կուղեկցվի երաժշտական և պարային համարներով: Հանդիսությանը կհաջորդի հյուրասիրություն:
Սիրով հրավիրում ենք միջոցառմանը:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել`
ՀՖՀՀ Հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու