«Տար ինձ ժամանակ». տեղի կունենա Մայա Աֆրիկյանի հեղինակային երգի երեկոն


«Տար ինձ ժամանակ». տեղի կունենա Մայա Աֆրիկյանի հեղինակային երգի երեկոն

  • 19-02-2018 19:00:00   | Հայաստան  |  Համերգ

Փետրվարի 19-ին, ժամը 19:00 «Տար ինձ ժամանակ» խորագրի ներքո Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի կունենա հեղինակ-կատարող, միջազգային մրցույթների դափնեկիր Մայա Աֆրիկյանի (սոպրանո) հեղինակային երգի երեկոն: Համերգի առաջին բաժնում կհնչեն Աֆրիկյանի երաժշտությամբ ռոմանսներն ու երգերը, որոնց տեքստերի հեղինակներ են Սիլվա Կապուտիկյանը, Համո Սահյանը, Մայա Աֆրիկյանը: Համերգի երկրորդ հատվածում էլ կներկայացվեն ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Կորյուն Առաքելյանի ստեղծագործությունների տեքստերով երգեր:
 
Համերգին կմասնակցեն միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահարուհի Լիլիանա Դարբինյանը և օպերային երգչուհի Դիանա Հարությունյանը: Երեկոյի կոնցերտմեյստերն ու կազմակերպիչն է Հասմիկ Մարտիրոսյանը: Համերգը կվարի ասմունքող Գայանե Սամվելյանը:
Այս միջոցառումը 80-ից ավելի երգերի և ռոմանսերի հեղինակ Մայա Աֆրիկյանի առաջին հեղինակային երգի երեկոն չէ: Նրա նախորդ համերգային երեկոն տեղի է ունեցել 2015-ին, և այս «Տար ինձ ժամանակ» խորագրով համերգը սպասված է արտիստի համար: Մայա Աֆրիկյանը փաստում է՝ իր նպատակն է հանրությանը ներկայացնել իր հեղինակային ստեղծագործությունները: «Տար ինձ ժամանակ» խորագրի հիմքն էլ Համո Սահյանի տեքստն է, և լիովին համապատասխանում է հեղինակ-կատարողի ներկայիս հոգեվիճակին:
Տեղեկացնենք, որ Մայա Աֆրիկյանը 2003 թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի վոկալ բաժինը: Մի շարք համերգներով հանդես է եկել Երևանում, Արցախում, արտերկրում: 2017 թ. Ղրիմի Սևաստոպոլ քաղաքում անցկացված «Звезда Крыма» միջազգային մրցույթ-փառատոնին Մայա Աֆրիկյանն արժանացել է առաջին կարգի դիպլոմի՝ «Ակադեմիական վոկալ» անվագակարգում, ինչպես նաև ստացել դափնեկրի երկրորդ կարգի դիպլոմ՝ «Հեղինակային երգ» անվանակարգում:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Համերգ