Հանդիպում-քննարկում՝ Երևանին նվիրված նոր հրատարակված գրքերի հեղինակների հետ
21-06-2018 14:30:00 | Հայաստան | Քննարկում
Հունիսի 21-ին, ժամը 14:30-ին Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնը («ՆՁԱԿ» ՊՈԱԿ) 2018թ.Երևանի 2800-ամյա հոբելյանին ընդառաջ կազմակերպում է Երևանին նվիրված նոր հրատարակված գրքերի հեղինակների հետ հանդիպում-քննարկում:
Միջոցառման նպատակն է կարևորել հազարամյակների պատմություն ունեցող մեր մայրաքաղաքի անցյալի ու ներկայի, ճարտարապետության, մշակույթի, էներգետիկայի և ընդհանրապես, քաղաքի կյանքի մասին պատմող նոր գրքերի հրատարակումը, ինչպես նաև նման արժեք ներկայացնող մասնագիտական գրքերով ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանի հիմնապաշարների համալրումը:
Միջոցառումը նախատեսված է քաղաքաշինության, ճարտարապետության, մշակույթի և այլ ոլորտների, ուսանողական, երիտասարդական կառույցների ներկայացուցիչների ու հետաքրքրված անձանց համար:
Ծրագիր
v Երևանի պատմությանը և մշակույթին վերաբերող «Երևանի տարեգրությունը», «Երևանի նշանավոր ընտանիքները», «Երևանը հայ երգարվեստում» գրքերը, «Երևան» գիտական հոդվածների ժողովածուն (4 հատոր) կներկայացնի Երևան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Արմինե Սարգսյանը:
v Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն, արվեստաբան Անի Հայկազուն Գրիգորյանը հանդես կգա Ալեքսանդր Թամանյանի 140-ամյակին նվիրված զեկուցումով. «Հայ նոր ճարտարապետության հիմնադիր Ալեքսանդր Թամանյանի գիտական ժառանգությունը Երևանի վերաբերյալ» թեմայի շուրջ: Բանախոսը կներկայացնի իր հեղինակած «Երևանի մեմորիալ հուշարձանները» և «Հուշագրելու արվեստը Երևանում» գրքերը:
v Ելույթ կունենա «Երևանի էնեգետիկան 110 տարեկան է» և «Երևան քաղաքի փողոցների լուսավորության պատմություն» գրքերի հեղինակ, գիտնական, գրող, հրապարակախոս Ստեփան Պապիկյանը, ով կխոսի Երևանի էներգետիկայի պատմության և զարգացման հեռանկարների մասին:
Գրքերի հեղինակներին կհանձնվեն շնորհակալագրեր` գրադարանին արժեքավոր գրքեր նվիրաբերելու համար:
Միջոցառման շրջանակներում կգործի գիտատեխնիկական գրադարանում առկա Երևանին նվիրված գրականության ցուցահանդես, ներկաները կծանոթանան տրամադրվող ժամանակակից գրադարանային-տեղեկատվական ծառայություններին:
Միջոցառումը տեղի կունենա «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում (ք. Երևան, Կոմիտասի 49/3, խորհրդակցությունների դահլիճ, 2-րդ հարկ, կայքէջ` http://www.innovcentre.am/hy/, ֆեյսբուքյան էջ` https://www.facebook.com/InnovCentre):