Համերգ նվիրված Արաքս Դավթյանի 70-ամյակին


Համերգ նվիրված Արաքս Դավթյանի 70-ամյակին

  • 18-06-2019 19:00:00   | Հայաստան  |  Համերգ

Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Երևանի պետական կամերային երգչախմբի մենակատարները կներկայացնեն օպերային երգչուհի, սոպրանո Արաքս Դավթյանի 70-ամյակին նվիրված համերգ: Այն կանցկացվի հունիսի 18-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
 
Դիրիժոր՝ Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ՝ կհնչեն Ջուլիո Կաչինիի, Ալեսանդրո Ստրադելլայի, Ջովաննի Պերգոլեզիի, Անտոնիո Վիվալդիի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Ֆելիքս Մենդելսոնի, Ֆրանց Շուբերտի, Լուիջի Լյուցիի, Ժակ Օֆենբախի, Ջակոմո Պուչինիի, Պյոտր Չայկովսկու, Միխայիլ Իպոլիտով-Իվանովի, Բարսեղ Կանաչյանի, Կոմիտասի ստեղծագործությունները:
 
Օպերային երգչուհի, սոպրանո Արաքս Դավթյանը ծնվել է Միլանում, զինվորական օդաչուի ընտանիքում: Երաժշտական կրթությունը ստացել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: 1986թ. առաջին խորհրդային երգչուհին էր, ով հաղթանակ տարավ այնպիսի հեղինակավոր ստուգատեսում, ինչպիսին է Իտալիայի Վերչելլի քաղաքում անցկացվող «Վիոտիի անվան մրցույթը»:
 
Նրա լիրիկական սոպրանոն հնչել է աշխարհի ավելի քան 120 հեղինակավոր համերգային դահլիճներում` Նյու Յորքի Կարնեգի Հոլ, Փարիզի Գավո, Ամստերդամի Կոնցերտ Գեբաու, Տոկիոյի Սենտր Հոլլ և այլն: Համագործակցել է հանրահայտ արտիստներ Շաիի, Ռոժդեստվենսկու, Ֆլորի, Օբրազցովայի, Սինյավսկայայի և այլոց հետ: 1988թ. կատարել է Վերդիի «Ռեքվիեմը» Ամստերդամի «Գեբաու» դահլիճում:
 
Նրա ստեղծագործական ուղին խաչվել է նաև Մոսկվայի Մեծ թատրոնի հետ, որտեղ, դիրիժոր Ժուրայտիսի հրավերով, կատարել է Վիոլայի դերերգը` Վերդիի «Տրավիատա» օպերայում: Վոկալ է դասավանդել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (պրոֆեսոր), նաև` Մոսկվայում, ուր աշխատել է մինչ կյանքի վերջ:
 
Զբաղվել է ակտիվ համերգային գործունեությամբ, ունեցել է լայն երգացանկ, սակայն շարունակել է մնալ Մոցարտի ստեղծագործությունների կատարման մեծագույն վարպետը: Եղել է բացառիկ արտիստիզմի տեր անձնավորություն, ինչի վկայությունն է ռեժիսոր Խամդամովի «Վոկալ զուգահեռներ» խաղարկային ֆիլմում նրա մարմնավորած կերպարը:
 
1987թ. արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր, 2004թ.` ՀՀ ժողովրդական արտիստի կոչման: Արժանացել է նաև Ռուսաստանի վաստակավոր արտիստի և 1979թ.` Գլինկայի անվան մրցանակի դափնեկրի կոչման: Մահացել է 2010 թ., թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում։
Նոյյան տապան   -   Համերգ