Գոտիե Կապյուսոնը քսանմեկերորդ դարի թավջութակի իրական դեսպան
24-09-2019 20:00:00 | Հայաստան | Մշակույթ
Երաժշտական տոնը Երևանում շարունակվում է: Երևանյան հեռանկարներ 20-րդ միջազգային երաժշտական փառատոնը ներկայացնում է ֆրանսիացի մեգա-աստղ թավջութակահար Գոտիե Կապյուսոնին: Նա առաջին անգամ կներկայանա հայ հանդիսատեսին դասական երկացանկի գեղեցկագույն երկու ստեղծագործությունների կատարումով. Չայկովսկու Ռոկոկո Վարիացիաները և Սեն Սանսի թիվ 1 կոնցերտը կհնչեն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Գոտիե Կապյուսոնի համերգը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին, ժամը 20:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում:
Հոկտեմբերի 1-9 տեղի կունենա հոբելյանական համերգներ, որոնց մասնակցելու են կրկնակի Գրեմմի մրցանակակիր ջութակահար Պինխաս Ցուկերմանը, Գրեմմի մրցանակակիր ալտահար Քիմ Քաշքաշյանը,հարվածային գործիքների հանրահայտ կատարող Ռոբին Շուլկովկին, Կուս լարային քառյակը և այլոք:
Փառատոնն այս տարի սկիզբ առավ ապրիլի 29-ին` բրիտանական The Swingles վոկալ խմբի հիշարժան համերգով: Իվո Պոգորելիչի իրադարձային մենահամերգին հաջորդեց Գրեմմի մրցանակի արժանացած ամերիկյան Պարկեր քառյակի /Parker Quartet/ և Ամադինդա հարվածայինների համույթի ելույթները: Սեպտմեբեռրի 6-ին կայացավ ի ծնե կույր ճապոնացի դաշնակահար Նոբույուկի Ցուջիի սենսացիոն մենահամերգը, իսկ սեպտեմբերի 15 առաջին անգամ Հայաստանում անմոռանալի իր մենահամերգով հանդես եկավ հռչակավոր Սըր Անդրաշ Շիֆը:
Փառատոնին աջակցում է <<Իմ քայլը>> բարեգարծական հիմնադրամը