ՀՀ ԳԱԱ-ում կմեկնարկի «Քիմիա և քիմիական տեխնոլոգիաներ» VI միջազգային գիտաժողովը
23-09-2019 10:00:00 | Հայաստան | Գիտաժողով
Սույն թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության մեծ դահլիճում (Մ. Բաղրամյան պողոտա 24, 1-ին հարկ) կմեկնարկի «Քիմիա և քիմիական տեխնոլոգիաներ» VI միջազգային գիտաժողովը: Գիտաժողովի նպատակն է վերլուծել ու քննարկել քիմիայի և քիմիական տեխնոլոգիաների բնագավառում տեսական և կիրառական հետազոտությունների գիտատեխնիկական տեղեկատվության արդի վիճակն ու առաջընթացը: Գիտաժողովի աշխատանքներին կմասնակցեն անվանի քիմիկոսներ, տեխնոլոգներ, երիտասարդ մասնագետներ՝ Հայաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Ուկրանիայից, Վրաստանից, Բելառուսից, Ուզբեկստանից, Իսրայելից:
Գիտաժողովը կազմակերպվել է ՀՀ ԳԱԱ Մ.Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ քիմիական և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի, ՌԴ ԳԱ Ն.Ս. Կուռնակովի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի, Դ.Ի. Մենդելեևի անվան ռուսական քիմիական ընկերության, ՌԴ ԳԱ «Քիմիական տեխնոլոգիաներ» գիտական խորհրդի, Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի կողմից, ՀՀ ԿԳՄՍՆ Գիտության պետական կոմիտեի ֆինանսական աջակցությամբ:
Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն մինչև ս.թ. սեպտեմբերի 27-ը: