Մատենադարանի մեծ դահլիճում կմեկնարկի «Ազգային ինքնություն և ընտրանի» թեմայով համաժողովը


Մատենադարանի մեծ դահլիճում կմեկնարկի «Ազգային ինքնություն և ընտրանի» թեմայով համաժողովը

  • 06-11-2021 10:00:00   | Հայաստան  |  Գիտաժողով

Հարգելի գործընկեր,
 
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։00-ին, Մատենադարանի մեծ դահլիճում կմեկնարկի «Ազգային ինքնություն և ընտրանի» թեմայով համաժողովը, որի նպատակն է համախմբել ու մեկ հարկի տակ քննարկել համահայկական ու ազգային նշանակության ամենաառանցքային հիմնահարցերը՝ ձևավորելով Հայաստանի նոր ընտրանու՝ էլիտայի դիմագիծն ու օրակարգը։
 
Համաժողովի գերակա խնդիրն է հստակեցնել Հայաստանի ազգային օրակարգը, վտանգված պետականության պարագայում կոնկրետ ուղերձներ հղել աշխարհասփյուռ հայությանը՝ կոչ անելով համախմբվել ազգային գաղափարախոսության ու նպատակի շուրջ, կասեցնել անկման ընթացքն ու վերաիմաստավորելով հայկականի դերն ու նշանակությունը համաշխարհային գործընթացներում՝ ձևավորել և նախանշել Հայաստանի Հանրապետության ինչպես կարճաժամկետ, այնպես էլ միջնաժամկետ և երկարաժամկետ գործողությունների օրակարգը։
 
Համաժողովը բաղկացած է լինելու երեք պլենար նիստերից։
1․ «Հայոց ազգային ինքնության ձևավորման գործընթացը։ Հայ ինքնության հիմնասյուները և դրաց փոխակերպումը։ Գլոբալացման ազդեցությունը»։
Ժամանակացույց՝ 10։15 – 11։30
2․ «Հայաստանյան ընտրանու դերակատարումը ինքնության ճգնաժամի հաղթահարման գործում․ փոխակերպումներ, միտումներ»։
Ժամանակացույց՝ 12։00 – 13։15
3․ «Ընտանիքի, կրթության, մշակույթի, գրականության, Եկեղեցու դերերն ազգային նկարագիր ունեցող ընտրանի ձևավորելու գործում։ Նոր միտք»։
Ժամանակացույց՝ 14։15 – 15։30
 
4․ Ամփոփում՝ 15։30 – 16։00
 
Համաժողովը կազմակերպվել է ԵՊՀ մի խումբ դասախոսների կողմից ստեղծված «Գիտակրթական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ և «Ազգային ինքնություն և ընտրանի» նախաձեռնության կողմից։ Այն նպատակ ունի նպաստել ազգային ակադեմիական-մշակութային այնպիսի համայնքի ձևավորմանը, որը հանդես կբերի համահայկական միասնական օրակարգ՝ առաջնահերթ հարցեր դարձնելով․
* ազգային նպատակների և գաղափարների սահմանումը,
* դրանց շուրջ հանրային և ակադեմիական խոսույթի ձևավորումն ու լայն համաձայնության ստեղծումը,
* ազգային ընտրանու համախմբումը։
 
ԶԼՄ ներկայացուցիչներ հավելյալ հարցերի դեպքում կարող են նամակ ուղղել
cseiarmenia@gmail.com էլեկտրոնային հասցեով կամ զանգահարել +37477711056 հեռախոսահամարով։
Համաժողովի մասնակիցների թիվը սահմանափակ է։ Խնդրում ենք մասնակցությունը հաստատել նախապես։ Համաժողովի վերաբերյալ հավելյալ նյութերը կցված են նամակին։
 
Հարգանքով՝
«Գիտակրթական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ
 
 
Նոյյան տապան   -   Գիտաժողով