Կամերային նվագախումբը հանդես կգա ինքնատիպ համերգով


Կամերային նվագախումբը հանդես կգա ինքնատիպ համերգով

  • 29-03-2022 19:00:00   | Հայաստան  |  Համերգ

Մարտի 29-ին, ժամը 19։00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը համերգով Հայաստանի պետական կամերային նվագախումբը կներկայացնի սիրված կոմպոզիտորներ Աստոր Պիացոլայի «Բուենոս Այրեսի Տարվա եղանակները» և Անտոնիո Վիվալդիի «Տարվա եղանակները» ստեղծագործությունները։ Նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան) կղեկավարի դիրիժոր  Հարություն Արզումանյանը։ 
 
Որպես մենակատար հանդես կգա ջութակահար Ֆելիքս Հարությունյանը (Ավստրիա)։ Երգեհոն՝ Թերեզա Ոսկանյան։ 
Արգենտինացի կոմպոզիտոր Պիացոլայի «Բուենոս Այրեսի Տարվա եղանակները» չորս մասից բաղկացած ստեղծագործությունը ստեղծվել է 1965-ից 1970 թթ․ ընկած ժամանակահատվածում։ Կոմպոզիտորը դրանք կատարել է թե՛ առանձին-առանձին, թե՛ միասին։ Ստեղծագործությունը պատմում է Բուենոս Այրեսի ծայրամասի բնակչի կյանքի տարբեր շրջանների մասին: Պիացոլան փորձում է նկարագրել Բուենոս Այրեսի կյանքը` տանգոյի ռիթմերի միջոցով։ 
Վիվալդիի «Տարվա եղանակները» համաշխարհային ճանաչում ունեցող ստեղծագործություն է, որի նկատմամբ հետաքրքրությունը չի մարում: Այն ներկայացնում է մարդու կյանքի ամբողջական շրջափուլը։ Ստեղծագործությունը Վիվալդին գրել է 1723 թ․։ Կոնցերտներն առաջին անգամ հրատարակվել են գրվելուց երկու տարի անց՝ 1725 թվականին։ Կոնցերտների կազմությունը տարբեր է և յուրաքանչյուր կոնցերտ նվիրված է տարվա մեկ եղանակի, որն էլ բաղկացած է տվյալ եղանակի ամիսներին համապատասխան երեք մասերից։
 
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել Կամերային երաժշտության ազգային կենտրոնի PR պատասխանատու Ռոզա Գրիգորյանի հետ 077 30 34 84
 
 
 
Նոյյան տապան   -   Համերգ