Կամերային նվագախումբը համերգներ կնվիրի դիրիժոր Հմայակ Դուրգարյանի 80-ամյակին


Կամերային նվագախումբը համերգներ կնվիրի դիրիժոր Հմայակ Դուրգարյանի 80-ամյակին

  • 06-05-2022 19:00:00   | Հայաստան  |  Համերգ

Հայաստանի պետական կամերային նվագախումբը համերգներ կնվիրի ՀՀ արվեստի վաստակավոր արտիստ, Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսոր, Հայաստանի առաջին կամերային նվագախմբի հիմնադիրներից և մենակատար, «Մոսկվայի վիրտուոզներ» կամերային նվագախմբի ջութակահար և դիրիժոր Հմայակ Դուրգարյանի 80-ամյակին: Համերգները կկայանան երկու քաղաքներում։ Երևանում համերգը կկայանա մայիսի 6-ին, ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, իսկ Գյումրիում՝ մայիսի 7-ին, ժամը 18:00-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գյումրու Հայորդյաց տանը։
 
Համերգների ընթացքում նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան) հանդես կգա դիրիժոր Հմայակ Դուրգարյանի ղեկավարությամբ։ Որպես մենակատարներ հանդես կգան Աստղիկ Վարդանյանը, Գոհար Պապոյանը, Գրիգոր Գյուլխանջյանը։
 
Համերգների ծրագրում Վիվալդիի, Շուբերտ /Մալերի ստեղծագործություններն են։
 
Նշենք, որ դիրիժոր Հմայակ Դուրգարյանը ծնվել է 1942թ., Լենինականում (այժմ՝ Գյումրի): Նախնական երաժշտական կրթությունն ստացել է տեղի Ն. Տիգրանյանի անվան արվեստի դպրոցի ջութակի դասարանում և տեղի երաժշտական ուսումնարանում: 1967թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: 1962-69թթ. եղել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի մենակատար, 1982-84թթ.՝ «Մոսկվայի վիրտուոզներ» կամերային անսամբլի մենակատար, 1972-82թթ.՝ ԽՍՀՄ պետական սիմֆոնիկ նվագախմբի ջութակահար: 1990թ. տեղափոխվել է Իսպանիա: Նույն թվականից Իսպանիայի Աստուրիա քաղաքի սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստերն էր: Հմայակ Դուրգարյանը մասնակցել է ամենահեղինակավոր ընկերությունների ավելի քան 40   ձայնասկավառակների  ձայնագրությունների: 
 
Մասնակցել է «Սանկտ Պետերբուրգի ծննդյան հանդիպումներ» (1993թ.), Ֆրանսիայի (1994-95թթ), Իսպանիայի (2003թ.) միջազգային երաժշտական փառատոններին: Վարպետության դասեր է վարել Իսպանիայում, Պորտուգալիայում, Իտալիայում և այլուր:
 
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել Կամերային երաժշտության ազգային կենտրոնի PR պատասխանատու Ռոզա Գրիգորյանի հետ 077 30 34 84
 
 
 
Նոյյան տապան   -   Համերգ