Տեղի կունենա Սերգեյ Երեմյանց-Գանձակեցու «Գանձակ 1880-1916» գրքի շնորհանդեսը

28-09-2010 13:00   |   |  
Սեպտեմբերի 28-ին` ժամը 13:00-ին, Հայաստանի Ազգային գրադարանի նիստերի սրահում տեղի կունենա աշխարհագրագետ-հետազոտող Սերգեյ Երեմյանց-Գանձակեցու «Գանձակ 1880-1916» գրքի շնորհանդեսը: Գիրքը ներկայացնում է Գանձակին վերաբերող պատմա-փաստագրական, կենսագրական նյութեր: Այստեղ առկա պատմական փաստերի մեծ մասը շրջանառության մեջ է դրվում առաջին անգամ: Հեղինակը ներկայացնում է փաստեր հեղափոխական-ազգայնականների, 1905-1907թթ. հայ-թուրքական պատերազմի, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության մասին, նրա անդամներին, Գանձակի` Առաջին աշխարհամարտի մասնակիցներին, Անդրանիկին ու նրա մարտիկներին: Բացի դրանից, գրքում ներկայացվում են 1915 թվականի Եղեռնից հրաշքով փրկված մարդու հիշողությունները: Գիրքը ներկայացնում է մեծարժեք պատմական նյութ ինչպես ներկա, այնպես էլ ապագա սերնդի համար: Այն նվիրված է «Դաշնակցություն» կուսակցության հայտնի եւ անհայտ հերոսներին:

Սերգեյ Արամի Երեմյանց-Գանձակեցին ծնվել է 1955թվականի դեկտեմբերի 12-ին, Գանձակում (Կիրովաբադ, պատմական Հայաստան): 1976թ. ավարտել է Խ.Աբովյանի անվան Երեւանի մանկավարժական ինստիտուտը: 1976-1983թթ. աշխատել է որպես ուսուցիչ Հայաստանում եւ Ադրբեջանում: Գանձակի պատմությամբ զբաղվում է 1970 թվականից:

Սերգեյ Երեմյանց-Գանձակեցու բազմաթիվ հոդվածներ տպագրվել են գիտա-մշակութային «Զով Գարդմանա» թերթում: 2009 թվականին «Լուսաբաց» տպարանի կողմից հրատարակվեց Երեմյանց-Գանձակեցու «Գանձակ 1905-1907 Ռ 1917-1921թթ.», «Գանձակ-Հայկական գերեզմաններ եւ եկեղեցիներ» գրքերը:
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից