Կմենարկի Թանգարանների 8-րդ եվրոպական գիշերը և կշարունակվի մինչև կեսգիշեր
19-05-2012 18:00:00 | Հայաստան | Մշակույթ
Մայիսի 19-ի ժամը՝ 18:00-ին Եվրոպայով կմենարկի Թանգարանների 8-րդ եվրոպական գիշերը և կշարունակվի մինչև կեսգիշեր: 2005 թվականից ի վեր արձանագրելով մեծ հաջողություն` այն դարձել է սպասված տոն հարյուր հազարավոր եվրոպացիների համար. միայն անցյալ տարի եվրոպական 37 երկրների 3700 մշակութային հաստատություններ դարձել են այդ տոնի մասնակիցն ու կայացման երաշխավորը: Թանգարանների եվրոպական 8-րդ գիշերը ևս խոստանում է «գերել» այցելուներին` միավորելով մշակույթը, մանկավարժությունը, ժամանցն ու գիտությունը: «Էրեբունի. նոկտյուռն» խորագրի ներքո գիշերային բեմահարթակի կվերածվի նաև «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը: Արձագանքելով համաեվրոպական մուլտիմեդիա մեկ այլ նախաձեռնության` արգելոց-թանգարանը միացել է նաև «Մեկ ցուցանմուշ, մեկ պատմություն» էլեկտրոնային ցուցահանդեսին` համացանցի միլիոնավոր այցելուների ներկայացնելով 1984թ. Երևանի բիայնական դամբարանից հայտնաբերված ցլագլուխ աճյունասափորը:
Ցուցահանդեսը մատչելի է Թանգարանների եվրոպական գիշերվա պաշտոնական վեբ-կայքում` http://nuitdesmusees.culture.fr/un-tresor-dans-une-usine/ հասցեով:
Թանգարանների միջազգային խորհրդի` ԻԿՕՄ-ի կողմից այս տարի առաջարկված «Թանգարանները փոփոխվող աշխարհում» կարգախոսի համատեքստում` արգելոց-թանգարանը մայիսի 19-ին հանդես կգա գերազանցապես երաժշտական «հանդերձանքով»` խախտելով թանգարանի ավանդական լռությունը և այցելուին առաջարկելով ցուցասրահներով անցնել կատարողական արվեստների ուղեկցությամբ. մարտարվեստի ցուցադրական դաս, ժամանակակից բալետ, երգչախմբային արվեստ, դաշնամուրային դասական ու սիրված կատարումներ: Թանգարանների եվրոպական գիշերը արգելոց-թանգարանը կանցկացնի Թեքվոնդոյի «Սատորի» ակումբի, «Փարոս» կամերային երգչախմբի, «Շելլ» դաշնամուրային տրիոյի, դաշնակահար Միքայել Գաբրիելյանի, պարուսույցներ Ռուդոլֆ Խառատյանի և Անի Գալստյանի, Հայկական դրամի խորհրդանշանի հեղինակ Կարեն Կոմենդարյանի աջակցությամբ:
Կարևորելով թանգարանների կրթադաստիարկաչական դերը և մատաղ սերնդի գեղարվեստական համակողմանի կրթությունը` «Էրեբունի. նոկտյուռնը» կմեկնարկի Երևանի բնօրրանում` Էրեբունի ամրոցի միջնաբերդում կազմակերպված ճեպանկարի ժամով` Մ. Սարյանի անվ. գեղարվեստական դպրոցի սաների մասնակցությամբ: Երիտասարդ սերնդի ֆիզիկական դաստիարակության կարևորությունը կխորհրդանշի Թեքվոնդոյի «Սատորի» ակումբի սաների ցուցադրական ելույթը:
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից հայտնում են, որ այնուհետև, ամբողջ երեկոյի ընթացքում իրար հաջորդող պարային ու երաժշտական կատարումները կհնչեն որպես շնորհավորանք` ուղղված եվրոպական բոլոր թանգարաններին և թանգարանների միջազգային հանրությանը` ի նշանավորումն Թանգարանների միջազգայի օրվա 35-րդ տարեդարձի:
Թանգարանային գիշերը «Էրեբունի» արգելոց-թանգարանում այս տարի մատչելի կլինի նաև տեղաշարժման սահմանափակ կարողություններ ունեցող անձանց համար, ովքեր ցուցասրահ կարող են մուտք գործել ճիշտ 1ամիս առաջ շահագործման հանձնված թեքահարթակով: