Ու՞մ համար է ոչնչացվում Ուսանողական այգին


Ու՞մ համար է ոչնչացվում Ուսանողական այգին

  • 19-10-2011 15:18:11   | Հայաստան  |  Հասարակություն

«Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությանը հայտնի է դարձել, որ Ուսանողական այգում Տերյան փողոցի կողմից կառուցվող հսկայական շինությունը պատկանում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչե Ղազարյանի կնոջը` Ռուզաննա Բեգլարյանին: «Ըստ ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տեղեկանքի (առդիր), Ռուզաննա Բեգլարյանը Ուսանողական այգին կառուցապատող «Արմեն» ՍՊԸ-ի հիմնադիրն է դարձել 2009թ.-ին: Այդ նույն ժամանակահատվածում այգում մեծ թափ սկսեցին ստանալ ծառահատումներն ու շինարարությունը: Տարիներ շարունակ այգու տարածքում գործող թեթեւ սրճարանը դարձել է մի քանի հարկանի բետոնապատ շինություն` գրավելով մոտ երկու անգամ ավելի մեծ տարածք, քան Երեւանի քաղաքապետարանի կողմից տրամադրված ճարտարապետահատակագծային առաջադրանքում նշված մակերեսը: Չնայած որ սրճարանը կառուցվում է պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտում, այն սահմանված կարգով չի համաձայնեցվել ՀՀ մշակույթի նախարարության հետ: Կառուցապատման արդյունքում խախտվել են քաղաքացիների առողջ եւ բարենպաստ շրջակա միջավայրում ապրելու ու հանգստի սահմանադրական իրավունքները, ՀՀ մի շարք օրենքների պահանջներ ու միջազգային պարտավորություններ: ՀՀ նախագահի, գլխավոր դատախազի եւ Երեւանի քաղաքապետարանի կողմից անտեսվել են 20.000 քաղաքացիների կողմից նրանց ուղղված դիմումները, ՀՀ բոլոր ատյանների դատարանները մերժել են 116 քաղաքացիների հայցը: ՀՀ սահմանադրական դատարանը մերժել է նաեւ քննության առնել «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչների դիմումը: Այս բացահայտմամբ պարզ դարձավ` ում հովանավորության պատճառով էր, որ ՀՀ քաղաքացիներին չհաջողվեց օրինական հիմքերով եւ եղանակներով կանխել Ուսանողական այգու ոչնչացումը: Փաստորեն, ՀՀ նախագահը դարձել է Երեւանում հանրային տարածքների գրավման ու անօրինական կառուցապատումների փաստացի «տանիք»,- ասված է «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության հոկտեմբերի 19-ի հայտարարությունում:
Նոյյան տապան  -   Հասարակություն