Կոնստանտին Սարոյանը նշանակվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Գլխավոր տնօրեն


Կոնստանտին Սարոյանը նշանակվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Գլխավոր տնօրեն

  • 21-10-2011 13:37:25   | Հայաստան  |  Տնտեսություն

Հոկտեմբերի 18-ից Կոնստանտին Սարոյանը նշանակվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Գլխավոր տնօրեն: Հոկտեմբերի 3-ին նա ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Խորհրդի կողմից ընտրվել է որպես Գլխավոր տնօրենի պաշտոնակատար, իսկ հոկտեմբերի 18-ին նրա թեկնածությունը գրանցվել է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից: Ըստ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի մամլո հաղորդագրության, Կոնստանտին Սարոյանը նոր սերնդի առաջադեմ մասնագետներից է, փորձառու` բանկային կառավարման եւ տեխնոլոգիաների մշակման ու հայաստանյան շուկայում դրանց ներդրման գործում: Նա իր կարյերան սկսել է 1999 թ-ից: 2001-2002թթ. եղել է Հաշվարկաքլիրինգային խմբի ղեկավար Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայում, 2002թ.-ից ղեկավարել է մարքետինգի, ստրատեգիական պլանավորման բաժինները մի շարք ՀՀ բանկերում: 2004-2011թթ.-ին Կ. Սարոյանը զբաղեցրել է ղեկավար պաշտոններ «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ում: Հանդիսացել է Բանկի ներքին աուդիտի ղեկավար, Տնօրինության անդամ եւ ղեկավարել է տարբեր մի շարք ուղղություններ՝ ներառյալ մարքեթինգի, հասարակության հետ կապերի, մարդկային ռեսուրսների կառավարման, ռազմավարական պլանավորման, բիզնեսի զարգացման: Նա նաեւ մասնակցել է միջազգային կազմակերպությունների տարբեր ծրագրերում եւ աշխատանքային խմբերում, որպես կապիտալի շուկայի զարգացման փորձագետ: Կ. Սարոյանն ավարտել է Երեւանի պետական համալսարանը, ունի տնտեսագիտական գիտությունների թեկնածուի կոչում, մասնակցել է բազմաթիվ սեմինարների եւ վերապատրաստումների Հայաստանում եւ արտերկրում: Նա դասավանդել է մի շարք համալսարաններում, ներկայումս դասավանդում է «Հայաստանում Ֆրանսիական Համալսարան» Հիմնադրամում: NASDAQ OMX-ի մասին NASDAQ OMX-ը աշխարհի ամենախոշոր բորսայական ընկերությունն է: Այն բորսայական ծառայություններ է մատուցում եւ առաջատար տեխնոլոգիաներ ներդնում վեց մայրցամաքներում գտնվող երկրներում, եւ ունենալով իր հարթակներում ցուցակված ավելի քան 3,900 ընկերություններ` առաջինն է նաեւ ցուցակված ընկերությունների թվով: NASDAQ OMX-ի տեխնոլոգիաները ներդրված են ավելի քան 50 երկրների 70 բորսաներում, քլիրինգային կազմակերպություններում եւ կենտրոնական դեպոզիտարիաներում: 2008թ.-ի հունվարին սկանդինավյան երկրներում գործող OMX բորսայական օպերատորը ձեռք է բերել Հայաստանի Ֆոնդային Բորսայի (ՀՖԲ) եւ Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի (ՀԿԴ) բաժնետոմսերի 100%-ը: 2008թ.-ի փետրվարին NASDAQ-ի եւ OMX-ի միավորման արդյունքում ստեղծված NASDAQ OMX Group-ը դարձավ ՀՖԲ-ի եւ ՀԿԴ-ի միակ սեփականատերը: 27.01.2009թ.-ից «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ն պաշտոնապես վերանվանվել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի: 05.06.2009թ.-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ն դարձավ «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ի սեփականատերը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն