ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Սանջայ Սինգհին


ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Սանջայ Սինգհին

  • 01-11-2011 13:13:10   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող Հնդկաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության` արեւելքի հարցերով քարտուղար Սանջայ Սինգհի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը նշել է, որ հայ-հնդկական բարիդրացիական հարաբերություններն ունեն պատմական անցյալ եւ կարեւորել է այդ հարաբերությունները գործնական հիմքերի վրա դնելու անհրաժեշտությունը: ԱԱԽ քարտուղարը փաստել է, որ այսօր արդեն իսկ առկա է քաղաքական եւ տնտեսական համագործակցության բավականին բարձր մակարդակ եւ ընդգծել, որ Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ բարեկամական հարաբերությունները, ինչպես նաեւ քաղաքական տարաձայնությունների բացակայությունը եւ միջազգային կառույցների շրջանակներում դիրքորոշումների եւ տեսակետների ներդաշնակությունը մեծապես նպաստում են երկու երկրների միջեւ փոխշահավետ համագործակցությանը: ԱԱԽ քարտուղարը գոհունակությամբ արձանագրել է, որ Հնդկաստան կատարած իր այցի շրջանակներում Հնդկաստանի Ազգային անվտանգության քարտուղար պարոն Շիվշանքար Մենոնի հետ հանդիպումը եւ առ այսօր շարունակվող պարբերական երկխոսությունը նոր թափ հաղորդեց անվտանգության ոլորտում հայ-հնդկական համագործակցությանը: Կողմերը նշել են, որ Հնդկաստանում ձեռք բերված բոլոր պայմանավորվածություններն այսօր հաջողությամբ կենսագործվում են: Կողմերն իրենց գոհունակությունն են հայտնել երկու երկրների միջեւ սերտ փոխգործակցության կապակցությամբ` նշելով, որ հետագա համագործակցության հետաքրքիր սխեմաներ կան նաեւ ռազմական արդյունաբերության ոլորտում: Քննարկվել է բանակցությունների փուլում գտնվող խոշորածավալ ապրանքային վարկի ստացման գործընթացը եւ հնդկական արտադրության գյուղատնտեսական տեխնիկայի կիրառումը Հայաստանում, ինչը նաեւ ենթադրում է երկարաժամկետ համագործակցության հնարավորություն` որպես հեռահար նպատակ արտադրատեխնիկական կայանների ստեղծման եւ գործարկման առումով: Կարեւորվել է հայ-հնդկական գործարար խորհրդի ստեղծումը տնտեսական հարաբերությունները որակապես նոր փուլ տեղափոխելու գործում, ինչպես նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության առկա մեծ ներուժի իրացման նպատակով Երեւանում հայ-հնդկական տեղեկատվական կենտրոնի հիմնումը: Սանջայ Սինգհը բարձր է գնահատել երկու երկրների` դարավոր պատմություն ունեցող ջերմ հարաբերությունները եւ շեշտել, որ Հնդկաստանը նույնպես պատրաստ է խթանել առկա համագործակցությունը եւ փոխգործակցության նոր ուղիներ նախանշել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն