«Չենք լռելու»-ն կրկին ահազանգում է


«Չենք լռելու»-ն կրկին ահազանգում է

  • 07-11-2011 12:20:56   | Հայաստան  |  Հասարակություն

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը ահազանգում է, որ Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Վլադիմիր Գասպարյանի` ոստիկանապետ նշանակվելուց հետո «Չենք լռելու»-ի եւ պաշտպանության նախարարության` բանակում առկա արատավոր երեւույթների վերացմանն ուղղված համագործակցությունը լուրջ վտանգի առջեւ է կանգնել: Ինչպես ասված է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ, իր թեժ գծին նոյեմբերի 2-ին ահազանգած զինվոր Հովհաննես Եսայանը, ում հետ հեռախոսազրույցի ձայնագրությունը զինվորի խնդրանքով տեղադրվել էր YouTube-ում` http://www.youtube.com/watch?v=1xQe3LYIjbM հասցեով, այժմ գտնվում է Երեւանում եւ վերջինիս հանդեպ ճնշում է կիրառվել. նրան ստիպել են հրաժարվել օրեր առաջ հնչեցրած մեղադրանքներից: Հովհաննես Եսայանի հետ հանդիպման թույլտվություն ստանալու «Չենք լռելու»-ի բոլոր ջանքերը դեռեւս մնում են ապարդյուն։ "Եվ թող որեւէ մեկը չզարմանա, եթե ՊՆ-ն վաղը պաշտոնապես հայտարարի, որ զինվորը հրաժարվել է իր խոսքերից: «Չենք լռելու»-ն շարունակում է մնալ այն կարծիքին, որ զինված ուժերի վերնախավում այս խայտառակ մթնոլորտի «հրեշտակ պահապանը» Յուրի Խաչատուրովն է` իր կադրերով հանդերձ: Նախաձեռնությունը շարունակում է պահանջել գլխավոր շտաբի պետի հրաժարականը",- ասված է «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության հաղորդագրության մեջ։
Նոյյան տապան  -   Հասարակություն