«Apple Computer» կորպորացիայի համահիմնադիր Ստիվ Վոզնյակը արժանացել է Հայաստանի Նախագահի մրցանակի


«Apple Computer» կորպորացիայի համահիմնադիր Ստիվ Վոզնյակը արժանացել է Հայաստանի Նախագահի մրցանակի

  • 09-11-2011 14:46:11   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար «Apple Computer» կորպորացիայի համահիմնադիր Ստիվ Վոզնյակը արժանացել է Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011թ. մրցանակի: Ստիվ Վոզնյակը երեսուն տարի շարունակ համարվում է Սիլիկոնային հովտի լեգենդ եւ բարերար, մեծ դեր է խաղացել համակարգչային արտադրության կայացման գործում` նախագծելով Apple-ի առաջին հոսքագծի` Apple I եւ Apple II համակարգիչները եւ մասնակցելով նշանավոր Macintosh-ի ստեղծմանը: 1976թ.-ին Վոզնյակը Ստիվ Ջոբսի հետ միասին հիմնել են Apple Computer Inc. ընկերությունը, որն առաջարկում էր Վոզնյակի նախագծած Apple I անձնական համակարգիչը: Հաջորդ տարի նա ներկայացրել է Apple II անձնական համակարգիչն առանձին կենտրոնական ղեկավարող միավորով, ստեղնաշարով, գունավոր գրաֆիկայով եւ ճկուն սկավառակատարով: Apple II-ը հիմնարար դերակատարություն է ունեցել անձնական համակարգիչների արտադրության գործընթացում: 1981թ.-ին նա վերադարձել է Կալիֆորնիայի Բերքլիի համալսարան եւ ավարտել ուսումը` ստանալով էլեկտրական ճարտարագիտության /համակարգչային/ գիտության մասնագետի որակավորում: 1985թ.-ին Apple Computer–ում կատարված նվաճումների համար ԱՄՆ Նախագահը Վոզնյակին հանձնել է Ամերիկայի առաջատար նորարարների համար նախատեսված բարձրագույն պարգեւը` Տեխնոլոգիայի Ազգային Մեդալը: 2000թ.-ին նրա անունն ընդգրկվել է Գյուտարարների Փառքի Սրահում եւ նրան շնորհվել է հեղինակավոր Հայնցի անվան պարգեւը տեխնոլոգիաների, տնտեսության եւ գործատվության բնագավառում` առաջին անձնական համակարգչի ինքնուրույն նախագծման եւ այնուհետեւ մաթեմատիկային եւ էլեկտրոնիկային անվերապահ նվիրումի համար` ոգեւորելով շրջանավարտ ուսանողներին եւ նրանց ուսուցիչներին: Տարիների ընթացքում Վոզնյակը մասնակցել է տարբեր գործարարական եւ բարերարական նախաձեռնությունների` նպաստելով դպրոցներում համակարգչային հնարավորությունների ընդլայնմանը եւ խրախուսելով ուսանողների առձեռն ուսուցման եւ ստեղծարար մոտեցման ձեւաչափը: Ներդնելով իր ժամանակն ու ռեսուրսները կրթության մեջ` նա իր հովանավորության տակ է վերցրել Լոս Գաթոս դպրոցական թաղամասը` տրամադրելով ուսանողներին եւ ուսուցիչներին առձեռն ուսուցման նյութեր եւ գերժամանակակից տեխնոլոգիական սարքավորումներ: Նա Էլեկտրոնային Սահմանների Հիմնադրամի հիմնադիրն է, ինչպես նաեւ Տեխնոլոգիաների թանգարանի, Սիլիկոնային հովտի բալետի եւ Սան-Խոսեի Մանկական հայտնագործությունների թանգարանի հիմնադիր հովանավորը: Այժմ Վոզնյակը Fusion-IO–ում զբաղեցնում է Գլխավոր Գիտնականի պաշտոնը: 2006թ.-ի սեպտեմբերին Նորթոն Փաբլիշինգ հրատարակչությունում լույս է տեսել նրա հեղինակած «iWoz: From Computer Geek to Cult Icon» ինքնակենսագրությունը, որը «Նյու Յորք Թայմս»-ի կողմից ճանաչվել է բեսթսելլեր: Հեռուստատեսությամբ նա հանդես է եկել «Քեթի Գրիֆինի հետ ռեալիթի-շոու», «Իմ կյանքը Դ-լիստում», «Աստղային պարեր» եւ «Բինգ Բանգ Թեորի» հաղորդաշարերում:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play