Կյանքից հեռացել է Գավառի պետական համալսարանի Խորհրդի նախագահ, գիտնական Հրանտ Հակոբյանը


Կյանքից հեռացել է Գավառի պետական համալսարանի Խորհրդի նախագահ, գիտնական Հրանտ Հակոբյանը

  • 23-11-2011 20:09:45   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Նոյեմբերի 23-ին, 84 տարեկան հասակում, կյանքից հեռացել է Գավառի պետական համալսարանի Խորհրդի նախագահ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Հրանտ Խաչատուրի Հակոբյանը: Հայաստանի Սփյուռքի նախարարությունը ներկայացնում է գիտնականի կենսագրական տվյալներ: Հրանտ Հակոբյանը ծնվել է 1927 թ. դեկտեմբերի 17-ին Նոր Բայազետի շրջանի (այժմ` Գեղարքունիքի մարզ) Սարուխան գյուղում` արհեստավորի ընտանիքում: 1944 թ-ին գերազանց առաջադիմությամբ ավարտել է Սարուխանի միջնակարգ դպրոցը: 1944-1946 թթ. աշխատել է գյուղի կոլտնտեսությունում: 1946-1948 թթ. սովորել եւ ավարտել է Կամոյի մանկավարժական տեխնիկումը: Այնուհետեւ կրթությունը շարունակել է Երեւանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետում: 1950թ-ին` երկու տարվա ընթացքում, գերազանցությամբ ավարտել է Երեւանի մանկավարժական ինստիտուտը: 1950-1954 թթ. Բասարգեչարի շրջանի (այժմ` Վարդենիսի) տորֆարտադրության դպրոցում աշխատել է որպես ուսուցիչ, ապա աշխատել է Կամոյի շրջանի Կարմիրգյուղի, Բատիկյանի (այժմ` Գանձակ գյուղի) դպրոցներում, այնուհետեւ նշանակվել Գեղարքունիք գյուղի դպրոցի ուսմասվար: Աշխատանքին զուգահեռ Հր. Հակոբյանը 1954 թ-ին ընդունվել է Մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետ եւ 1956 թ-ին գերազանցությամբ էքստեռն կարգով ավարտել այն: Միաժամանակ ընդունվել է Մանկավարժական ինստիտուտի ասպիրանտուրա` փիլիսոփայություն մասնագիտության գծով: 1956թ-ին Հր. Հակոբյանը նշանակվել է Սարուխան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն եւ այդ պաշտոնում աշխատել մինչեւ 1962թ.: Հր. Հակոբյանի կազմակերպչական փայլուն տաղանդի, մանկավարժական հմուտ կարողությունների շնորհիվ այդ տարիներին դպրոցում բացվում են ուսումնական նոր կաբինետներ, լուրջ ուշադրություն է դարձվում ուսումնադաստիարակչական աշխատանքներին, ստեղծվում է համերաշխ եւ իր գործին նվիրված ուսուցչական կոլեկտիվ: Սարուխանի դպրոցը դառնում է շրջանի առաջավոր դպրոցներից մեկը եւ նրա փորձը բազմիցս քննարկվում է ՀԽՍՀ լուսավորության նախարարության կոլեգիայի նիստում: Որպես երիտասարդ եւ խոստումնալից մասնագետի` Հր. Հակոբյանին տեղափոխում են կուսակցական աշխատանքի, եւ նա 1962թ-ին նշանակվում է Կամոյի կուսշրջկոմի ագիտացիայի ու պրոպագանդայի բաժնի վարիչ: Այնուհետեւ աշխատում է որպես Կամոյի գիշերօթիկ դպրոցի տնօրեն: 1964 թ-ին աշխատանքի է հրավիրվում Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտ, որտեղ եւ աշխատում է մինչեւ 1985 թ-ը` որպես Պոլիտեխնիկական ինստիտուտի փիլիսոփայության ամբիոնի ավագ դասախոս, դոցենտ, ապա ամբիոնի վարիչի տեղակալ: Հր. Հակոբյանը 1973թ-ին պաշտպանում է թեկնածուական ատենախոսություն եւ 1978 թ.-ին ստանում դոցենտի կոչում: 1990 թ. Հր. Հակոբյանը պաշտպանում է դոկտորական ատենախոսություն` ստանալով փիլիսոփայական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Ատենախոսությունը նվիրված էր հայ մեծանուն վիպասան Րաֆֆու պատմափիլիսոփայական հայացքների վերլուծությանն ու գիտական արժեւորմանը: 1991թ-ին Հր. Հակոբյանին շնորհվում է պրոֆեսորի կոչում: 1985թ-ին նա ընտրվում է Երեւանի պետական համալսարանի «Աթեիզմի տեսության եւ պատմության» միջբուհական ամբիոնի վարիչ: Հր. Հակոբյանի նախաձեռնությամբ եւ ակտիվ մասնակցությամբ համալսարանի գիտական խորհուրդը վերանայում է ուսումնական պլանները եւ Երեւանի պետական համալսարանում սկսում են դասավանդել ոչ թե աթեիզմի տեսություն, այլ «Կրոնների պատմություն եւ տեսություն» առարկան, ինչն այդ ժամանակի համար խիզախ քայլ էր: Այդ նորարարությունն իր տարածումն է գտնում նաեւ մյուս բարձրագույն ուսումնական հաստատություններում: Ապա նա ակտիվ մասնակցություն է ունենում Երեւանի պետական համալսարանում Աստվածաբանության ֆակուլտետի բացմանը, որտեղ շուրջ մեկ տասնամյակ ղեկավարում է «Կրոնագիտության» ամբիոնը: Որտեղ էլ աշխատել է պրոֆեսոր Հր. Հակոբյանը, սերտ կապերով կապված է եղել իր ծննդավայրի հետ, նրա միտքը միշտ զբաղեցրել է Գավառում բարձրագույն ուսումնական հաստատություն ստեղծելու խնդիրը: 1991 թ-ին ԽՍՀՄ փլուզումից հետո նորանկախ երկրում տիրող սոցիալտնտեսական ճգնաժամի պայմաններում խիստ դժվարացել էր շրջաններից, հեռավոր տարածքներից մայրաքաղաք հասնելը, Երեւանում բնակվելը եւ բարձրագույն կրթություն ստանալը: Էականորեն պակասել էր Կամոյի շրջանից բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվող երեխաների թիվը: Այդ ծանր ժամանակահատվածում Հ. Հակոբյանը նախաձեռնել է Կամոյում բուհ ստեղծելու հայրենանվեր գործը եւ նրա համառ ջանքերով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ 1993 թ-ին հիմնադրվել է Կամոյի, այժմ` Գավառի պետական համալսարանը, որի հիմնադիր ռեկտոր նշանակվել է Հր. Հակոբյանը: Այդ պաշտոնում նա աշխատել է մինչեւ 2006 թ.` իր ողջ ուժերը, եռանդը, կազմակերպչական փորձն ու գիտելիքները ներդնելով համալսարանի կայացման, ուսումնադաստիարակչական աշխատանքների արդյունավետության բարձրացման եւ ժամանակակից ուսումնական հաստատություն ձեւավորելու գործին: Հր. Հակոբյանը 2006 թ-ին ընտրվել է Գավառի պետական համալսարանի խորհրդի նախագահ: Երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախագահության հրամանագրով Հր. Հակոբյանը 1987 թ-ին պարգեւատրվել է «Աշխատանքի վետերան» մեդալով: 2010 թ-ին ՀՀ նախագահի կողմից արժանացել է գիտության վաստակավոր գործչի կոչման: Հ. Հակոբյանը պարգեւատրվել է նաեւ մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի անվան ոսկե մեդալով, Երեւանի պետական համալսարանի ոսկե մեդալով, բազմաթիվ այլ պարգեւներով, պատվոգրերով ու հուշամեդալներով: Նա Գավառ քաղաքի պատվավոր քաղաքացի է: Ամուսնացած է, ունի չորս զավակ, տասնինը թոռ եւ ծոռ: Սփյուռքի նախարարությունը տեղեկացնում է նաեւ, որ Հրանտ Հակոբյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 24-ին, ժ. 18:00 Երեւանի Սուրբ Հովհաննես եկեղեցում, հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 25-ին, ժ. 11:00 Գավառի պետական համալսարանում, հուղարկավորությունը տեղի կունենա նոյեմբերի 25-ին, ժ.13:00 Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում: Նշենք, որ Հրանտ Հակոբյանը Հայաստանի Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հայրն է:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play