Լույս է տեսել Կարին Կ. Հովհաննիսյանի «Գերդաստան ստվերաց» գիրքը


Լույս է տեսել Կարին Կ. Հովհաննիսյանի «Գերդաստան ստվերաց» գիրքը

  • 29-11-2011 12:23:35   | ԱՄՆ  |  Նոր գրքեր
29 նոյեմբերի 2011թ., Նյու Յորք: ՀարփերՔոլլինս տպագրատունը փափուկ կազմով լույս ընծայեց Կարին Կ. Հովհաննիսյանի «Գերդաստան ստվերաց. սպանդ, հիշողություն եւ հայ-ամերիկյան երազանքի հարյուրամյակ» գիրքը, որը Հովհաննիսյանների ընտանիքի պատմությունն է. Գասպարի` Ցեղասպանությունից մազապուրծ ու Անդրանիկի զինվորի, Ռիչարդի` պատմաբանի ու հայագիտական ուսումնասիրությունների առաջամարտիկի, եւ Րաֆֆիի` անկախ Հայաստանի հայրենադարձ քաղաքացու եւ առաջին արտգործնախարարի: Նոր հրատարակությունն առկա է Amazon.com կայքում, ինչպես նաեւ ԱՄՆ-ի գրեթե բոլոր գրախանութներում: Գիրքը, որը հեղինակի ուղեկցությամբ մեկ տարվա շրջագայության էր դուրս եկել ողջ Միացյալ Նահանգներում եւ Կանադայում, արժանացավ գրաքննադատների բուռն գովասանքին: «Հովհաննիսյանն իր յուրօրինակ գրքին տալիս է պատմաբանի խստություն, բանաստեղծի քնարականություն ու հայորդու կիրք»,- գրեց «Նյու Յորք Թայմս»-ի սյունակագիր Սեմյուել Գ. Ֆրիդմանը: «Վաշինգտոն Փոստ»-ից Դեյվիդ Իգնաթիուսը այն անվանեց «ժամանակակից պատմության չուսումնասիրված մեծ էջերից մեկը»: «Գերդաստան ստվերաց»-ը տպագրվել է նաեւ հայերեն` խմբագիր, գրող եւ Ջեյմս Ջոյսի «Ուլիսես»-ի թարգմանիչ Սամվել Մկրտչյանի թարգմանությամբ: Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ 2011թ. սեպտեմբերի 6-ին Երեւանում, Եղիշե Չարենցի տուն-թանգարանում: «Այն իր մագնիսական ուժով ձեզ գրավում է էջ առ էջ»,- շնորհանդեսի ժամանակ նշեց Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը: Ինչպես տեղեկացնում են Քաղաքացիական ազգային նախաձեռնությունից, հայերեն տարբերակն, ինչպես նաեւ անգլերեն բնօրինակը, այժմ կարելի է ձեռք բերել Երեւանում՝ «Նոյյան Տապան», «Արտբրիջ», «Գրքերի աշխարհ» եւ «Բյուրոկրատ» գրախանութներից, իսկ Լոս Անջելեսում՝ «Ապրիլ», «Պերճ» եւ «Սարդարապատ» գրախանութներից: Ամբողջ հասույթը տրամադրվելու է «Օրրան»-ին` Րաֆֆի եւ Արմենուհի Հովհաննիսյանների հիմնադրած բարեգործական կազմակերպությանը, որն աջակցում է Հայաստանի կարիքավոր երեխաներին ու ծերերին: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել հեռախոսով՝ (37410) 271-600 կամ 270-003, հեռապատճեն՝ (37410) 524-846, էլ. փոստ՝ info@nci.am, կայքէջ՝ http://www.nci.am:
Նոյյան տապան  -   Նոր գրքեր