ԴԵՄԻՐԵԼԸ ԿԱՐԵՎՈՐԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԻՐ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ
ԸՆԴԼԱՅՆԵԼՈՒ ՀԱՐՑԸ
18-05-1998 18:05:00 | Հայաստան | Միջազգային
ՍՏԱՄԲՈՒԼ, 18 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Թուրքիայի նախագահ
Դեմիրելը, խորհրդարանի նախագահ Չեթինի հետ մասնակցել է «Պետական
ջրատարական գործոց» շրջանային կենտրոնում հրավիրված նիստին, ուր
շեշտել է, որ եթե 1950-ականներին Թուրքիայի վառելիքի
արտադրությունը «զրո էր», ապա այժմ, 187 ամբարտակների կառուցումով,
այդ արտադրությունը հասել է 13 միլիարդ կիլովատի: Դեմիրելն ասել է,
թե դրանց օգնությամբ ոռոգվում են 20 միլիոն արտավար հողամասեր:
Էլեկտրականությամբ օժտված գյուղերի թիվը, որն առաջ 13 հազար էր,
հասել է 35 հազարի:
Այս ելույթից հետո նա ընդունել է որոշ քաղաքական այրերի եւ
ընդգծել, որ Թուրքիայում պետական կառավարման կարգն արդյունավետ չէ:
Նախագահը բերել է Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի օրինակը եւ
նշել, որ այդ երկրներում, որտեղ գործում է նախագահական դրություն
տերմինը, պետության ղեկավարները իրավունք ունեն ցրել խորհրդարանը
եւ պահանջել կառավարության հրաժարականը, երբ նրանք չեն գործում
ինչպես պետք է: Դեմիրելը շեշտել է սահմանադրությամբ իր
լիազորություններն ընդլայնելու հարցի կարեւորությունը: