Հրապարակվեց Արմեն Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակման գործով դատավճիռը


Հրապարակվեց Արմեն Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակման գործով դատավճիռը

  • 24-05-2011 14:38:59   | Հայաստան  |  Հասարակություն
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ մայիսի 24-ին հրապարակեց Հայաստանի Մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակման եւ այլ դրվագներով գործի դատավճիռը։ Ըստ այդմ, գործարար Արա Կարապետյանն ու Ոստիկանության Երեւանի Խորհրդային տարածքի նախկին փոխոստիկանապետ Արմեն Նիկողոսյանը դատապարտվեցին 15-ական տարվա ազատազրկման՝ գույքի կեսի բռնագրավմամբ։ Հայր եւ որդի Արսեն եւ Բագրատ Սողոմոնյանները դատապարտվեցին, համապատասխանաբար, 11-եւ 12 տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման։ Ամբաստանյալներ Հայկ Մելքոնյանը եւ Արշակ Գրիգորյանը դատապարտվեցին, համապատասխանաբար, 14 եւ 13 տարվա ազատազրկման, իսկ Հովհաննես Նազարյանը եւ Սուրեն Մելքոնյանը՝ 11-ական տարվա ազատազրկման՝ բոլորը գույքի կեսի բռնագրավմամբ։ Ամբաստանյալներ Նիկոլայ Խաչիկյանը եւ Աշոտ Խաչատրյանը դատապարտվեցին, համապատասխանաբար, ութուկես եւ ինը տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման։ Վերջիններիս նկատմամբ դատարանը նշանակեց տուգանք, համապատասխանաբար, 250 000 եւ 200 000 դրամի չափով։ Ամբաստանյալներ Արմեն Նիկողոսյանի եւ Արսեն Սողոմոնյանի մեղադրանքի ծավալից հանվեցին ՀՀ Քրեական օրենսգրքի 35-104՝ սպանության նախապատրաստություն, եւ 235 հոդվածի առաջին մասով՝ ապօրինի զենք պահելու, մեղադրանքները։ Վերջին հոդվածով մեղադրանքը հանվեց նաեւ ամբաստանյալ Հայկ Մելքոնյանի մեղադրանքի ծավալից։ Նշենք, որ սպանության նախապատրաստության մեղադրանքը պաշտպանելուց հրաժարվել էր մեղադրող կողմը, իսկ ապօրինի զենքի մեղադրանքում ամբաստանյալները անմեղ ճանաչվեցին դատարանի կողմից՝ ապացույցների անբավարար լինելու պատճառաբանությամբ։ Ըստ մեղադրանքի, Արա Կարապետյանը, ԱՄՆ-ից վերադառնալով, Արմեն Նիկողոսյանի հետ 2007թ.-ին ստեղծել էր կազմակերպված հանցավոր խումբ՝ ծանր ու առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու համար։ Բացի Արմեն Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակումից խումբը, մասնավորապես, կատարել էր «Վաղարշ եւ որդիներ» ոսկյա զարդերի տոնավաճառի վաճառասրահից ոսկյա զարդերի հափշտակությունը։
Նոյյան տապան  -   Հասարակություն