Գերմանացի ուխտավորի «Հայաստան մոլորակը» շրջում է Գերմանիայով ու տարածում Հայաստանի բույրը
26-12-2011 11:18:26 | Գերմանիա | Վերլուծություն
2011 թվականի նոյեմբերի 26-ին Համբուրգի Հայ Մշակութային Միությունում տեղի ունեցավ դոկտոր Յոխեն Մանգելսենի «Հայաստան մոլորակը. ուխտագնացություն անծանոթ երկրում» գրքի ութերորդ շնորհանդեսը: Գիրքը հրատարակվել է 2011 թվականի սեպտեմբերին Մայնի Ֆրանկֆուրտի «Հայ մեդիա» հրատարակչատանը եւ ունի 187 էջ: Այն հարուստ է ճոխ նկարազարդումներով, որոնց հեղինակն է Բրեմենում գործող հայ նկարչուհի Մարիետտա Արմենան: Հրատարակված լինելով սեպտեմբերին` գիրքը 2 ամսում ունեցել է 8 շնորհանդես, որոնք կազմակերպվել են տարբեր հայկական համայնքների եւ գերմանական կազմակերպությունների կողմից:
Մանգելսենի գիրքն անմիջապես նկատվել է նաեւ գերմանական լրատվամիջոցների կողմից: Տպագրությունից անմիջապես հետո դրան է անդրադարձել Բրեմենի շրջանում ամենաշատ ընթերցվող թերթերից մեկը` Վեզեր Կուրիերը (04.09.2011), ինչպես նաեւ երկու ռադիոկայաններ` Զուդվեստռունդֆունկը եւ Ռադիո Բրեմենը, իսկ հունվարին սպասվում է գրքի վերաբերյալ մեկժամյա ռադիոհաղորդում Նորդվեստ ռադիոկայանով:
Համբուրգյան շնորհանդեսին բացման խոսքով ելույթ ունեցավ Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի (ԳԿԽ) եւ Հայ Ակադեմիականների Միության (ՀԱՄ) նախագահ Ազատ Օրդուխանյանը` ասելով. «Յոխենը մեկ ամսում Հայաստանի հյուսիսից հարավ անցավ, հասավ Արցախ, իսկ նրա գիրքն ընդամենը 2 ամսվա ընթացքում հասցրեց լինել 8 քաղաքներում` անցնելով Բրեմենից Շտուտգարտ, Մայնի Ֆրանկֆուրտ, Հալե, Լայպցիգ, Բեռլին եւ Համբուրգ: Ասում են` առհասարակ անփոխարինելի մարդիկ չեն լինում, բայց Մանգելսենն անփոխարինելի է եւ´ որպես ընկեր, եւ´ որպես ԳԿԽ-ի մամուլի խորհրդատու»:
Գիրքն արդյունք է մի քանի շաբաթվա ճանապարհորդության, որի ընթացքում հեղինակն անցել է շրջանից շրջան, վանքից վանք եւ ոգեղեն արկածների միջով հասել է Արցախ: Հարավային Կովկասի քաղաքական վտանգավոր ու անկայուն կոնֆլիկտը մտահոգում է հեղինակին այնքան, որքան առաջ են մղում երկրի ֆանտաստիկ լեգենդները, հազարամյակների պատմությունը, ժողովուրդը, մշակույթն ու քաղաքական անցուդարձը: Նա մի պայծառ հայացք է հղում Արարատի լանջին ընկած մեր երկրին ու նոր պատկերացում է տալիս նրա մասին, ներկայացնում այն որպես մի գունավոր ու պերճաշուք մոլորակ եւ բնորոշում իր գիրքը որպես քաղաքական ֆելետոն:
Գրքում ներառված են նաեւ տեքստ-մանրանկարներ, որոնք փոքրիկ նովելներ են եւ չնայած ընդամենը մի քանի տողից կազմված լինելուն` արտացոլում են երկրի առանձնահատուկ կախարդանքը: Գիրքն իսկապես յուրահատուկ է ու ինքնատիպ եւ արդեն իսկ հասցրել է ունենալ մեծաքանակ վաճառք: ՈՒստի, որոշ փոքրիկ լրացումներով հունվարից հետո ակնկալվում է երկրորդ հրատարակությունը, ինչպես նաեւ կհետեւեն նոր շնորհանդեսներ:
Դոկտոր Յոխեն Մանգելսենը ծնվել է 1942 թվականին, լրագրող է, ապրում եւ գործում է Բրեմենում, երկար տարիներ աշխատել է որպես Բրեմենի ռադիոյի մամլո խոսնակ: Լրագրողական կարիերա սկսել է հրապարակախոսություն, թատերագիտություն, գերմաներեն լեզու եւ բանասիրություն ուսանելուց հետո: Ամուսնացած է եղել հայազգի Սեդա Մուրադյանի հետ: Դուստրը` Սոնան, կնքվել է Հայաստանում, իսկ 2011 թվականի հոկտեմբերին Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում պսակադրվեց հայկական ծիսակարգով: Այդ նույն օրը Մանգելսենը Սուրբ Հռիփսիմե եկեղեցում կնքեց նաեւ իր թոռներին: Ըստ Մանգելսենի` արմատները, որոնք Սեդան սերմանել է դստեր հոգում, խորը հիմքեր ունեն:
Այն շարժառիթը, որն ավելի քան 40 տարի բերել է «Հայաստան» թեման, Մանգելսենը վերցրել է իր սեփական` գերմանական, պատմությունից: Հոլոքոսթը, որը գործել է Մանգելսենի ծնողների սերունդը, ստիպում է նրան նրբանկատորեն վերաբերվել հայոց ցեղասպանությանը, որի անպատժելիությունը, շատերի կարծիքով, խրախուսել է Եվրոպայում հրեաների կոտորածի կազմակերպիչներին: Գերմանիայի պատմությունը եւ նրա մոտեցումը պատմությանը հարում են այն հարցին, թե ինչպես է ժամանակակից Թուրքիան վերաբերվում իր անցյալին, քրիստոնյա հարեւանների նկատմամբ երիտթուրքերի ցեղասպանությանը, այս ողբերգության նկատմամբ Գերմանիայի դիրքորոշմանը, ինչպես նաեւ հետագա սերունդների պատասխանատվություն կրելուն: Այս հանգամանքներն ու փաստերն են, որ հիմք են ծառայել Մանգելսենի գործունեության համար: Նա ստեղծել է հայ-գերմանական խմբակ Հանուվերում, ապա Բրեմենում, աշխատել է «Հայ-գերմանական թղթակցություն» հանդեսի խմբագրությունում, դարձել դրա համախմբագիրը, իսկ ներկայումս հանդիսանում է ԳԿԽ-ի մամուլի հարցերի խորհրդատու:
Ինտենսիվ, անձնապես հիմնավորված, քաղաքապես մոտիվացված տարիների կապը Հայաստանի հետ հաստատում են նրա սերն առ այս երկիր: Ինքը` Մանգելսենը, ասում է. «Ի՞նչն է ինձ կախարդում Հայաստանում: Գուցե, դա ուղղակի այսպես է. մենք սիրահարվում ենք մի տեղի, նրա բնությանն ու մարդկանց եւ ինչ-որ մի ժամանակ գնում դրանք բացահայտելու, եւ այդ ճանապարհորդությունը տանում է մեզ դեպի մեր հոգիները: Հայաստանը, ինչպես նաեւ Արցախը կախարդական երկրներ են` լեցուն լեգենդներով, հազարամյա մշակութային հուշարձաններով, խորապես ազդված քրիստոնեությունից, դիցաբանությունից ու նոր պատմության հարվածներից,: Եզրակացություն. գրեթե 40 տարի է, ինչ կախարդված եմ Հայաստանով»: Սրա վկայությունն է նաեւ 2001 թվականին նրա հրատարակած «Օֆելյայի երկար ճանապարհորդությունը մինչեւ Բեռլին» վեպը, որն արծարծում է 1915-19 թվականների երիտթուրքերի կողմից կազմակերպված ցեղասպանությունը, որի ժամանակ 1,5 միլիոն հայ ուղարկվեց անմեղ մահվան, ինչպես նաեւ ներկայացնում է բազմաթիվ հայ ընտանիքների ճակատագրեր, որոնք ապրում են սփյուռքում, բայց չեն կարող մոռանալ անցյալի սահմռկեցուցիչ իրադարձությունները եւ իրենց զգում են աշխարհի կողմից լքված ու մոռացված: Վեպի առաջին պլանում մի հայ ընտանիքի պատմություն է, իսկ հետին պլանում` միլիոնավոր հայերի սպանդը: Ցեղասպանությունը երկու երիտասարդների գցում է Բեռլին: Ալֆրեդը եւ Օֆելյան հանդիպում են իրար, բայց սկզբնական շրջանում փորձում են գտնել իրենց արմատներն առանձին-առանձին: Ալֆրեդը հիշում է իր նախնիների կոտորածը եւ արտագաղթը Արեւմտյան Հայաստանից, իսկ Օֆելյան ստիպված էր ուղեկցել հարազատներին Պարսկաստանից փախչելու դժվարին ճանապարհներին: Մանգելսենը սրտացավորեն է նկարագրում նրանց կյանքի շրջադարձներն ու բեկումները: Սույն գիրքն արտացոլում է նրա կարեկցանքը մի բազմակիորեն խոցված երկրի նկատմամբ:
Այնուհետեւ Մանգելսենը վիպագրությունից անցում է կատարում ճանապարհորդական գրականության ժանր եւ 2006 թվականին Ֆիլիպ Շմիթի հետ հրատարակում է Իսպանիայում իր կատարած Յակոբյան ուխտագնացության մասին գիրքը: Մանգելսենի ընթերցողներն ակնկալում էին, որ Յակոբյան ուխտագնացն իր ճանապարհորդի ցուպով պիտի անցներ նաեւ Հայաստանի եւ Արցախի բնակավայրերով: Վերջապես, 2010 թվականին գրողի հայ երկրպագուների սպասելիքները բավարարվեցին: Մանգելսենը ճանապարհորդեց Հայաստանով ու Արցախով եւ նաիրյան երկրից ստացած վառ տպավորություններն ամփոփեց իր երրորդ գրքում, որը մի ուխտավորի յուրօրինակ սիրո խոստովանություն է Հայաստան աշխարհին ու հայերին:
Օֆելյա Սարգսյան
Ֆլենսբուրգ, Գերմանիա