Հայ Յեղափոխական Դաշնակցություն եւ «Ժառանգություն» կուսակցությունների համատեղ հայտարարությունը


Հայ Յեղափոխական Դաշնակցություն եւ «Ժառանգություն» կուսակցությունների համատեղ հայտարարությունը

  • 27-12-2011 13:53:23   | Հայաստան  |  Հայտարարություններ

Հայ Յեղափոխական Դաշնակցություն եւ «Ժառանգություն» կուսակցությունները 2008-2011թթ. նախաձեռնեցին Ընտրական օրենսգրքի իրական եւ արմատական բարեփոխմանն ուղղված քայլեր` Ազգային ժողովի կողմից համապատասխան փոփոխություններն ընդունելու նպատակով: Վերահաստատելով դրանց ամբողջական իրականացման ուղղությամբ մեր պատրաստակամությունը եւ կարեւոր նշանակություն տալով ընտրական գործընթացների նկատմամբ լայն վերահսկողության ապահովման համար ուժերի համադրմանը, ստեղծված պայմաններում հանդես ենք գալիս հետեւյալ համատեղ հայտարարությամբ. - կարեւորելով Հայաստանի ապագայի համար առաջիկա խորհրդարանական ընտրությունների բացառիկ նշանակությունը եւ դրանց արդյունքների հանդեպ հասարակության վստահության մեծացումը, - նշելով, որ ՀՅԴ-ի եւ «Ժառանգության»` ցայժմ ԱԺ-ում ներկայացված եւ ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովի փորձաքննությանն ուղարկված առաջարկություններում ամփոփված են ընտրական իրավունքի պաշտպանության գաղափարի շուրջ միավորված մի քանի տասնյակ հասարակական կազմակերպությունների` ՀՀ Ընտրական օրենսգրքի բարեփոխման վերաբերյալ առաջարկները, - ապահովելու համար պատգամավորական բոլոր մանդատների համարժեքությունն ու համապետականությունը եւ մեծացնելու քաղաքական ուժերի պատասխանատվությունը ընտրական գործընթացի ու խորհրդարան մուտք գործող անձանց համար, - խնդիր ունենալով յուրաքանչյուր ընտրողի համար մեծացնել սեփական իշխանությունները ձեւավորելու հարցում իր քվեի նշանակությունը, - ձգտելով հասնել հավասար մրցակցային պայմանների ապահովմանը, - նվազեցնելու համար ընտրական գործընթացների վրա ոչ քաղաքական եւ ոչ ընտրական գործոնների ազդեցությունը, - ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու հարցում ընտրությունների նախաշեմին հասնելու համար քաղաքական բոլոր ուժերի համախոհությանը, «Ժառանգություն» եւ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունները. - Ողջունում են խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի վերջերս հայտարարած դիրքորոշումը` ազատ ու արդար ընտրությունների կազմակերպման եւ վերահսկման հարցում: - Ազգային ժողովի մեծամասնությանն առաջարկում են Ընտրական օրենսգրքում համատեղ իրականացնել մեկ կոնկրետ փոփոխություն, այն է` վերացնել մեծամասնական ընտրակարգը` անցում կատարելով 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի, եւ գտնում են, որ համաձայնելով այս քայլին, իշխանությունները ցույց կտան իրենց պատրաստակամությունն ու քաղաքական կամքը` նախընտրական շրջանում ընդդիմության հետ համատեղ երկրում ձեւավորելու ներհասարակական հանդուրժողականության եւ համերաշխության մթնոլորտ: - Կոչ են անում բոլոր քաղաքական ուժերին` պաշտպանել այս նախաձեռնությունը: «Ժառանգություն» կուսակցության վարչություն Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Գերագույն Մարմին
Նոյյան տապան  -   Հայտարարություններ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play