Բյուրականի աստղադիտարանն ամփոփեց 2011թ. արդյունքները


Բյուրականի աստղադիտարանն ամփոփեց 2011թ. արդյունքները

  • 30-12-2011 21:16:34   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Բյուրականի աստղադիտարանն ամփոփեց 2011թ. արդյունքները: Կարեւոր գիտական արդյունքների թվում են ինչպես մեր Գալակտիկայի աստղերի ու միգամածությունների, այնպես էլ այլ գալակտիկաների հետազոտություները, այդ թվում` դրանցում բռնկվող Գերնոր աստղերի վիճակագրությունը: Այսպես, հետազոտելով տարբեր դասերի գալակտիկաներում Գերնորերի բռնկման վիճակագրական տվյալները, հաջողվել է գնահատել նաեւ մեր Գալակտիկայում աստղային այդ վիթխարի պայթյունների սպասվող քանակը: Հետաքրքիր արդյունքներ են տվել նաեւ մեր Գալակտիկայում գտնվող բաբախիչների հետազոտությունները, որոնք թույլ են տալիս ուսումնասիրել Գալակտիկայի մագնիսական դաշտը: Բավականին շատ են նոր հայտնաբերված տիեզերական օբյեկտերը, որոնց թվում մեծ հետաքրքրություն ներկայացնող Հերբիգ-Հարոյի օբյեկտներ, իրենց սպեկտրում առաքման գծեր ունեցող աստղեր, նոր մոլեկուլային արտահոսքեր, շիթերի եւ միգամածությունների հետ կապված պայծառ ինֆրակարմիր աստղեր, կարմիր եւ սպիտակ թզուկ աստղեր: Գալակտիկաների հետազոտությունների արդյունքում ցույց է տրվել, որ ամենահզոր ինֆրակարմիր աղբյուրները բաղադրյալ օբյեկտներն են։ Առաջարկվել են նաեւ դիտումների արդյունքների մշակման, ինչպես նաեւ տեսական խնդիրների լուծման նոր եղանակներ: Առաջիններից առանձնանում է ճշգրիտ լուսաչափական տվյալներ ստանալու նոր մեթոդը, որի միջոցով նաեւ գնահատվել է տարբեր շրջահայությունների եւ կատալոգների լուսաչափական ճշտությունը: Տեսական խնդիրներից է տարբեր տիպի անհամասեռություններ ունեցող մթնոլորտներում ճառագայթման տեղափոխման կամայական խնդրի դիտարկումը, որի լուծումը տրվում է շատ ավելի պարզ եղանակով, քան հայտնի էր մինչեւ օրս: Աստղադիտարանը 2011թ. կազմակերպել է մի շարք միջոցառումներ, այդ թվում` ԱՊՀ երկրների երիտասարդ աստղագետների կոնֆերանս եւ Անանիա Շիրակացու 1400-ամյակին նվիրված պատմա-աստղագիտական սեմինար: Աստղադիտարանին շնորհվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի հավաստագիր` Մարգարյանի շրջահայության եւ նրա թվայնացման համար: Ըստ Հայկական աստղագիտական ընկերության մամլո հաղորդագրության, ռուսական «Պրոեկտ-Տեխնիկա» ձեռնարկության հետ կնքվեց պայմանագիր` այսպես կոչված «տիեզերական աղբի», աստղակերպերի եւ գիսավորների որոնումների բնագավառում համատեղ աշխատանքներ սկսելու եւ այդ կապակցությամբ աստղադիտարանում երեք նոր դիտակներ տեղակայելու, իսկ աստղադիտարանի խոշոր դիտակները ժամանակակից լուսաընդունիչներով ապահովելու նպատակով:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play