Բազմաշերտ և գեղեցիկ աշխարհ՝ լեցուն սիրով


Բազմաշերտ և գեղեցիկ աշխարհ՝ լեցուն սիրով

  • 23-01-2012 12:10:10   | ԱՄՆ  |  Նոր գրքեր
Արդարեւ ուրախութիւն է ներկայ գտնւել նոր ծնւած, նոր հրատարակւած գրքի ներկայացման կամ շնորհանդէսին, նոր ծնւած գիրքը նմանում է նոր ծնւած երեխայի, որը ուրախութիւն է բերում, վառ յոյսեր է կապում իր հետ: գիրք անուանեալը բազմակողմանի ու բազմատեսակ յատկութիւններ ու յատկանիշներ ունի, նա լոյս է բերում իր հետ, գիտութիւն է բերում իր հետ, առաքինութեամբ եւ մաքրութեամբ չարը խափանում է: Միտքն ու հոգին է զարգացնում, մտածելու եւ խորհելու առիթ է հանդիսանում, վառ հորիզոններ է բացում: Գիրքը նոր մտքերի եւ գաղափարների շողարձակում է, հեղինակի հոգեկան աշխարհն է դրսեւորում եւ այսպիսով կեանքը գեղեցկացնում եւ իմաստաւորում է: Ամէն գիրք իր կշիրքն ու արժէքն ունի, գիրք կայ լուսոյ տաճար է, փնտրւում է, գիրք էլ կայ մի անգամ ընթերցուելուց յետոյ հանգչում է գրադարանում: Բանաստեղծուհի Նաթելլա Լալաբեկեանի Գիրքը ծնւել է 2011-ին: Նրա ծննդեան հանդէսն էր: Օրը ուրբաթ յունուար 13, 2012 թիւ: Գլենդէլեան գեղեցիկ գիշեր կախարդական աստղերով շողշողուն, ձմռան եղանակ, սակայն գարնան գաղջ երեկոյ` ոչ սրթսրթացնող: Միջոցառումը տեղի էր ունենում Գլենդէլի հանրային գրադարանի դահլիճում, մեկնարկումը ժամը 7.30-ին: Հանդէսին մասնակցում էին զգալի թւով ռուսալեզու հրաւիրեալներ: Հանդէսը կազմակերպուել էր Կալիֆորնիայի Հայ Գրողների Միութեան միջոցով: Գիրքը խորագրուած է` «Ճանապարհ դեպի ինքդ քեզ», բանաստեղծութիւններ եւ արձակ էջեր, ծաւալը` 141 էջ, խմբագիր` Հայաստանի Գրողների Միութեան նախագահ` Լեւոն Անանեան. գեղեցիկ տպագրութիւն Երեւանում, լաթակազմ, ՀԳՄ հրատարակչութիւն, սա հեղինակի չորրորդ գիրքն է հանդիսանում: Գրքի ռուսալեզու եւ հայերէն թարգմանութիւնը հեղինակի կողմից որպէս նոր տարւայ նուէր նուիրուեց հանդիսականներին: Գրքի ռուսերէնից հայերէնի թարգմանութիւնը կատարել է` դր. պրոֆ. Արտեմ Յարութիւնեանը` հարազատօրէն բարձրարւեստ: Նա գրքի արժեւորող զեկուցաբերն էր հանդէսում հրաւիրւած Երեւանից հեղինակի կողմից: Հանդէսի մեկնարկումը կատարեց երեկոյի հանդիսավար շնորհալի հաղորդավար եւ արուեստաբան օր. Արշալոյս Դարբինեանը: Նա գեղեցիկ առոգանութեամբ եւ հաճելի ձայնով ռուսերէն եւ հայերէն լեզուներով ողջունեց հանդիսականներին, հակիրճ բառերով ներկայացրեց հեղինակի կենսագրութիւնը եւ գրական ժառանգութիւնը ասելով` « Նաթելլա Լալաբեկեանը ծնւել է Երեւանում, սովորել է Մոսկւայում, իսկ բնակւում է Լոս Անջելէսում, արւեստաբան է` Հայաստանի եւ Մոսկուայի գրողների միութիւնների անդամ: Նա արժանացել է Ռուսաստանի հայերի միութեան մրցանակին եւ Սփիւռքի նախարարութեան պատւոյ գրին», ապա նա մէջ բերում կատարեց Մոսկուայի Գրողների Միութեան քարտուղար` Տատիանա Կուչովլեւայի գրութիւնից ( գրքի յառաջաբան ) պատառիկ: Հանդիսավարը բեմ հրաւիրեց ԿՀԳՄ նախագահ Գրիշ Դաւթեանին: Նա իր անգլերէն եւ հայերէն ողջոյնի խօսքում ասաց. « Գեղագիտական նուրբ զգացումներով եւ կանացի փոխանցիկ ու համակրելի յոյզերով նա ռուսագիր բանաստեղծուհի է: Նաթելլա Լալաբեկեանի բանաստեղծական ստեղծագործութիւնները արտացոլում են նրա բազմաշերտ եւ գեղեցիկ աշխարհը, լեցուն սիրոյ լոյսով ու ջերմութեամբ, տագնապներով ու անդորրութեամբ, անդոհանքով ու յոյսերով, փիլիսոփայական խորհրդածութիւններով ու ընդհանրացումներով: Նրա բանաստեղծական մտերմութիւնը մտնում է ընթերցողի սիրտը, հարազատանում: Բանաստեղծի տեսիլային խորհրդածութիւնների եւ զգացական պատկերացումների վերստեղծած աշխարհն ու մարդկային կեանքը, սպասումներն ու ապրումները իրական մարմնաւորում են ստանում նրա երկերում, վերապրեցնում են ընթերցողին իրապաշտօրէն: Վերջին տարիների գործերը ժամանակակից ընթերցողին տանում են բարդ ներաշխարհի ոլորտներ, ուր ժամանակն ու մարդու ճակատագիրը միահիւսւում են զարմանալի ուժով եւ երեւակաիւթեամբ, ուր ստացւում են ներկան ու աշխարհը: Այդպիսով է նա մշտանորոգ պահում իր արդիականութիւնը: ԿՀԳՄ մեծապէս երախտապարտ է բանաստեղծուհի Նաթելլա Լալաբեկեանին, որովհետեւ նա հովանաւորում եւ տպագրութեան ամբողջ ծախսն է հոգում միութեանս եռամսեայ ` « Բառ ու Բան » հանդէսի, որի տնօրէնն է միաժամանակ. խորապէս շնորհակալ ենք նրանից»: Հանդիսավարը ամբիոն հրաւիրեց հեղինակին: Նա խօսում էր ռուսերէն, կարկաչահոս աղբիւրի պէս վարժ ու սահուն, ապա ներկայացնում էր հայերէն թարգմանութիւնը: Նա ռուսաց լեզւով է ուսանել, ապուպապերով հայկական սերնդաշառաւիղ: Այստեղ բերում ենք նրա հայերէն խօսքից հարազատ մնալով մտքերին: «Իմ գիրքը ճամբորդել է իմ ճակատագրի քաղաքներով` Երեւան, Մոսկւա եւ Լոս Անջելէս, շատ բարդ է ներկայացնել գիրքը Լոս Անջելէսում, նկատելով տարբեր լեզուներ, տարբեր համայնքներ: Գիրքը ծնուել է Երեւանում, բայց նախքան դա` զարգացել է Մոսկուայում, ապա ներկայացւում է Լոս Անջելէսում: Իմ գիրքը ներքին սահմանափակ ճանապարհ չէ… այլ նա աշխարհագրական սահմաններից դուրս է գալիս… նա իմիգրանտի ճանապարհ է… Մենք սովորում ենք ներել, մէկ-մէկ էլ մենք պէտք է շնորհակալ լինենք նրանց, որ մեր նկատմամբ անում են ինչ որ սխալ եւ մենք այդ մարդկանցից սովորում ենք նաեւ ներել եւ այդպիսով գնում ենք առաջ: Խօսքը կեանքի մասին է, կեանքը չի տեղաւորւում մի ժանրի, մի ոգու սահմաններում, նա դուրս է գալիս այդ ափերից, դրա համար ես խօսել եմ պոէտիկ լեզւով, կեանքը լի է ռոմանտիկ, գեղեցիկ, տխուր, դասական պոէզային ենթակայ պահերով: Գրքի վերջում ես գրել եմ հեքիաթ: Ամենակարեւոր գաղափարներից մէկը մեր կեանքում հրաշքն է: Եկէք, ուրախանանք եւ սիրենք իրար»: Այնուհետեւ հեղինակը ռուսերէնով կարդաց իր բանաստեղծութիւններից, իսկ նոյնը սիրուած դերասանուհի Շաքէ Թուխմանեանը հայերէնով ասմունքեց. երկու դէպքում էլ կատարուեց ապրումով եւ յուզախառն, արժանանալով լսարանի ծափողջոյններին: Այնուհետեւ հրաւիրուեց գրքի թարգմանիչ, հանրածանօթ բանաստեղծ Դր. Պրոֆ. Արտեմ Յարութիւնեանը Արդէն նա հանգամանօրէն իր գրախօսականով` «Երբ գուշակումը դառնում է կեանք» խորագրով սպառիչ ներկայացրել է գիրքը, որը դրւած է գրքում էջ 121-139-ը: Նրա սրահում կատարած ելոյթը մասամբ կրկնողութիւնն էր գրախօսականի: Այստեղ բերում ենք նոր խօսքերն ու գնահատականները: Այսպէս է սկսում իր ելոյթը, յաճախ էլ ռուերէնով մեկնաբանութիւն եւ անգլերէնով նշանաւոր ամերիկեան գրողներից մէջբերումներ կատարելով: «Այս պահը իհարկէ թարգմանչի համար սեփական երեկոյի ոյժն ունի: Թարգմանիչը մտնում է գրքի մէջ, այն պահին, երբ հեղինակը վերցրել է գրիչը եւ սկսել է գրել, լինի դա տաս տարի առաջ թէ հիմա, նա այդ պահին մտնում է համակարգի մէջ, փորձում է ստեղծել հեղինակին հաւասար այլ լեզւով գրականութիւն: Թարգմանիչը նաեւ ակամայ դառնում է յուշարար… Ես հաճոյքով եմ թարգմանել Նաթելլա Լալաբեկեանի այս գիրքը… նշանակալից գիրք է, ոչ թէ իր կեանքում, ոչ թէ իմ կեանքում, այլ մեր հայ գրականութեան համար: Ա~յ, նայէք այդ սպիտակաթոյր գեղեցիկ կարապի պէս Լոս Անջելէսի ափերին իջած գրքոյկը եւ կը տեսնէք թէ ինչքան հնարամիտ է, Զանգեզուրեան ինչ ոյժ ունի այդ քնքուշ նիհարակազմ աղջիկը եւ ինչպէս է պատկերում այն աշխարհը, որ թւում է հեռացել է եւ այլեւս չի վերադառնալու, սրա մէջ է մեր ժողովրդի տոկունութիւնը: Ժամանակը ամէն ինչ աւերում է, աւերելու է բոլոր տեսակի բուրգերն ու բարձրայարկ շէնքերը, բայց ժամանակը անզօր է գրի առաջ, ժամանակը գլուխը խոնարհում է դրա առաջ: Նաթելլա Լալաբեկեանը ներկայիս մեր իրականութեան մէջ լաւագոյն կին գրողն է»: Երեկոն բանաստեղծական ոգի զգեցաւ, գրեթէ գրքի բոլոր բանաստեղծութիւնները կարդացուեցին` ռուսերէնը հեղինակի կողմից, իսկ այս անգամ հայերէն տարբերակը կարդաց Արտեմ Յարութիւնեանը: Ունեցանք նաեւ երգի գեղարուեստական ներկայացում: Հեղինակի բանաստեղծութիւններից երգի վերածուած, կատարեց Լիա Կոլոյեանը, հրաշալի երգեցողութիւն, որ արժանացաւ բուռն ծափերի: Հեղինակի ռուս հրաւիրեալներից` Գալինա Լոգինովան բեմ հրաւիրուեց: Նա իր արտայայտութեան մէջ անդրադարձաւ հեղինակին եւ գրքին, դրուատանքի եւ հիացումի խօսքերով բարձրօրէն գնահատեց հեղինակին: Հանդէսի աւարտին կատարւեց հիւրասիրութիւն: Ռ. Կորիւն Սանլանդ, Կալիֆորնիա
Նոյյան տապան  -   Նոր գրքեր