Եվրոպական աստղագիտական ընկերության խորհրդակցությանը մասնակցեց նաեւ Հայաստանը


Եվրոպական աստղագիտական ընկերության խորհրդակցությանը մասնակցեց նաեւ Հայաստանը

  • 02-02-2012 19:54:35   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Հունվարի 31-ից մինչեւ փետրվարի 2-ը Ժնեւի լճի ափին գտնվող գեղատեսիլ Ռոլ քաղաքում (Շվեյցարիա) տեղի ունեցավ Եվրոպական աստղագիտական ընկերության (ԵԱԸ) խորհրդակցությունը, որին մասնակցեցին ԵԱԸ ղեկավարությունը, եվրոպական երկրների աստղագիտական ընկերությունների նախագահները եւ եվրոպական գիտական այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նման խորհրդակցություն տեղի էր ունեցել նաեւ 2008-ին Հոլանդիայի Լեյդեն քաղաքում, եւ այս հանդիպման նպատակն էր ամփոփել վերջին չորս տարիների արդյունքները եւ քննարկել հետագա անելիքները: Մասնակիցների թվում էին ճանաչված աստղագետներ` ԵԱԸ նախագահ Թիերի Կուրվուազիեն (Շվեյցարիա), փոխնախագահներ Յան Պալուշը (Չեխիա) եւ Մերի Կոնտիզասը (Հունաստան), քարտուղար Էլիաս Բրինքսը (Մեծ Բրիտանիա), ԵԱԸ Խորհրդի այլ անդամներ, Եվրասիական աստղագիտական ընկերության համանախագահ Նիկոլայ Սամուսը (Ռուսաստան), Եվրոպական ԱՍՏՐՈՆԵՏ նախագծի խորհրդի նախագահ Ռոնալդ Ստարկը (Նիդերլանդներ) եւ համակարգող Ժան-Մարի Համեուրին (Ֆրանսիա), Եվրոպական ֆիզիկական ընկերության (ԵՖԸ) ներկայացուցիչ Ջոն Դադլին (Ֆրանսիա) եւ այլոք` ընդամենը 21 երկրի 35 գիտնական: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին Հայկական աստղագիտական ընկերությունից, Հայաստանից խորհրդակցությանը մասնակցեց եւ զեկուցումով հանդես եկավ Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) համանախագահ Արեգ Միքայելյանը (ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարան): Նրա զեկուցումը նվիրված էր ՀԱԸ 2008-2011 թ.թ,-ի գործունեությանը: Տարբեր երկրներում աստղագիտության ներկայիս վիճակի վերաբերյալ զեկուցումներ ներկայացրեցին նաեւ Ավստրիայի, Բուլղարիայի, Գերմանիայի, Իտալիայի, Լատվիայի, Լեհաստանի, Հունաստանի, Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի, Չեխիայի, Պորտուգալիայի, Ռուսաստանի, Սերբիայի, Ուկրաինայի եւ Ֆրանսիայի աստղագիտական ընկերությունների նախագահները: Ներկայացվեց եւ քննարկվեց ԵԱԸ նախագահի կողմից առաջարկված եվրոպական աստղագիտության զարգացման հեռանկարային ծրագիրը, որն ընդգրկում է գիտական համագործակցության ընդլայնումը, հետագա տարեկան համաժողովների կազմակերպումը եւ այլն: Մասնավորապես, որոշվեց սկսած 2014-ից ԵԱԸ տարեկան համաժողովների բյուջեն 4000-5000 եվրոյից ավելացնել մինչեւ 100000 եվրո եւ նրանցում մասնակցությունը 400-500-ից հասցնել մինչեւ 1500-2000 գիտնականի: Քննարկվեց նաեւ ԵԱԸ հնարավոր համագործակցությունը ԱՍՏՐՈՆԵՏ նախագծի, ԵՖԸ, Եվրոպական միացյալ (հարավային) աստղադիտարանի եւ Եվրոպական տիեզերական գործակալության հետ: Ներկայումս ԵԱԸ կազմում պաշտոնապես ընդգրկված են 24 երկրների աստղագիտական ընկերություններ, սակայն անդամների թվում են աստղագետներ եվրոպական բոլոր եւ մի շարք այլ երկրներից: ՀԱԸ ԵԱԸ-ին անդամագրվել է 2001-ին, ներկայումս նրա կազմում ունի 18 աստղագետ: 2007թ.-ին Երեւանում կազմակերպել է ԵԱԸ տարեկան համաժողովը, որն Հայաստանում երբեւէ անցկացված ամենախոշոր գիտական միջոցառումն էր:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play